Մամուլ

Մենք մեր երեխայի երկրորդ անունը դրեցինք Նիկոլ, բայց ես և իմ ընտանիքը հեղափոխությունից չենք հիասթափվել

Մենք մեր երեխայի երկրորդ անունը դրեցինք Նիկոլ, բայց ես և իմ ընտանիքը հեղափոխությունից չենք հիասթափվել

Aravot.am-ը գրում է․ «Կարմիրով ընդգծենք՝ ես և իմ ընտանիքը հեղափոխությունից չենք հիասթափվել. մենք ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ հիմա վստահում ենք Նիկոլ Փաշինյանին»,-Aravot.am-ի հարցին՝ մի՞թե հիասթափվել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ, Թավշյա հեղափոխության օրերին Մոսկվայից Հայաստան տեղափոխված Էդգար Բաբայանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ ցանկանում են, որ կառավարությունը սաստի «ՀԷՑ»-ին ու «Գազպրոմ»-ին, որոնք պահանջում են քաղաքացիների կոմունալ վճարները:

Այս առիթով մեր զրուցակիցը մանրամասնեց` ունեն կոնկրետ անհամաձայնություն կապված սոցիալական լարվածությունը մեղմող մի քանի ծրագրերի հետ, կոնկրետ կոմունալ վճարների հարցով ու նշեց. «Գազի, լույսի անջատումներն արտակարգ դրության պայմաններում մեզ անհանգստացրին:

Մերն էլ անջատեցին, մենք այդ հարցը լուծեցինք, միացրին: Սակայն խնդիրը ոչ այնքան մեր հարցն էր, որքան գիտեինք, որ կան մեզնից շատ ավելի անապահով ընտանիքներ, որոնց հետ շատ անարդար էին վարվում այդ իրավիճակներում:

Եվ մեր բողոքի հիմնական նպատակն էր, որ վարչապետը հասկանա՝ այն կադրերը, որոնք բերում են սոցիալական և տնտեսական ծրագրերի փաթեթները, նրանք իրական պատկերը չեն արտացոլում: Մեր նպատակն այս խնդիրը լսելի դարձնելն էր»:

Նա ընդունեց, որ իրենց այդ քայլն արտակարգ դրության պայմաններում «մի քիչ տգեղ էր նայվում»: Մեր փաստմանը՝ օրենք էր խախտվում, Էդգար Բաբայանն արձագանքեց. «Հասկանում էինք, որ դա նաև վարչական իրավախախտում է պարունակում, բայց մենք գնացինք այդ քայլին և փորձեցինք լսելի դարձնել մեր ձայնը:

Դա մի քայլ էր, որն ուղղված էր ոչ թե վարչապետ Փաշինյանի դեմ, այլ մեր խոսքը լսելի դարձնելու համար»: Էդգար Բաբայանին հիշեցրինք՝ իր ընդդիմախոսները փաստում են՝ հեղափոխության օրերին սատարում էր Նիկոլ Փաշինյանին, անգամ իր դստեր անունը Նիկոլ Փաշինյանի պատվին Ռուզաննա-Նիկոլ է դրել:

Նա արձագանքեց. «Հակառակ ճամբարից մեր այդ քայլը փորձեցին ցույց տալ՝ որպես խորը հիասթափություն, երեխայի անվան հետ դա կապեցին: Այո, մեր երեխայի երկրորդ անունը հեղափոխության, մայիսի 9-ի հետ կապելով՝ դրեցինք Նիկոլ, բայց դա նաև ֆրանսիական գեղեցիկ կանացի անուն է:

Մենք դա արեցինք, քանի որ իմ կինը Հանրապետության հրապարակից տեղափոխվեց ծննդատուն: Ես դրա համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ մենք չենք հրաժարվել, ես հավատում եմ Հայաստանի Հանրապետության վաղվա օրվան և հեղափոխության արժեքներին:

Չգիտեմ՝ վաղն ինչպես կլինի, հիմա դեռ դրական ենք տրամադրված: Իսկ այն էժան, կիսաֆեյքային շահարկումներին, իհարկե, վատ ենք վերաբերվում, քանի որ երեխայի անվանն է նաև վերաբերվում: Երեխայի անունը փորձում են դնել կեղտոտ քննարկումների մեջ, դա տհաճ է:

Բայց որքան էլ տարօրինակ է, պրոնիկոլական, այն, որ ասում են, մերոնքական ֆեյքերն էին մեզ քառատում, որքան էլ դա տհաճ է: Դրա համար առհասարակ ֆեյքերին դեմ ենք և փորձում ենք արհամարհել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով