Մամուլ

Մեկը ստացել է դանակի 13 հարված վզին եւ թոքերին, մյուսը՝ սրտին. նոր մանրամասներ Գավառի դեպքերից

Մեկը ստացել է դանակի 13 հարված վզին եւ թոքերին, մյուսը՝ սրտին. նոր մանրամասներ Գավառի դեպքերից

Armtimes.com-ը գրում է․Օրեր առաջ Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետեւանքով վիրավորում ստացածներից երկուսը, որոնք գործով ունեն վկայի կարգավիճակ, հորեղբոր որդիներ են՝ Գավառի բնակիչներ Արմեն եւ Դավիթ Հայթյանները:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանց փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը տեղեկացրեց, որ Արմեն Հայթյանը նախ Ազատության փողոցում է ստացել հրազենային վիրավորում ոտքի եւ որովայնի հատվածում, ապա հարձակման ենթարկվելով նաեւ հիվանդանոցում՝ ստացել է դանակի 13 հարված վզին եւ թոքերին:

Մյուս եղբայրը՝ Դավիթ Հայթյանը, ըստ փաստաբանի, Ազատության փողոցի միջադեպին մասնակից չի եղել եւ որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել. նա հիվանդանոց է գնացել եղբորը խնամելու, եւ հարձակման պահին գտնվելով նրա կողքին՝ ստացել է դանակի հարվածներ սրտի հատվածում:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ:

Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու:

Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում շարունակվում է ծառայողական քննությունը:

Մեր զրույցում Հայթյանների փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դեպքի հանգամանքներից՝ նշելով, որ կատարվածը կապ չունի նախկինում գրանցված սպանությունների հետ եւ չունի նաեւ քաղաքական պատճառաբանություններ.

«Սա մարզում հանցավոր խմբավորման գոյություն ունենալու արդյունքն է, Վլադիմիր Գասպարյանը (ՀՀ նախկին ոստիկանապետն է,- խմբ.) եւ Վարդան Նադարյանն են (Գավառի նախկին ոստիկանապետ, Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետ,- խմբ.) սերտ կապեր ունեցել եւ թողել, որ այս հանցավոր խումբը 1993-ից մինչ օրս գոյություն ունենա Նորատուսում»: Մուխսիկարոյանը նշեց, որ անուններ չի տալու, բայց տեւական ժամանակ եղել են սպառնալիքներ, որ «կամ պիտի մեզ հետ լինեք, կամ ոչնչանաք».

«Չասեմ՝ նորատուսցիներ, ինչ-որ խմբավորում է, որ ուզել է՝ մերոնք զինվորագրվեն իրենց կլանին, հավատարիմ ծառայեն իրենց, հարկ եղած դեպքում կատարեն հանցագործության հրամաններ, բայց Արմենը հրաժարվել է, ասել է՝ ես կապ չունեմ»:

Մուխսիկարոյանի խոսքով՝ դեպքից մոտ 30-40 օր առաջ միջադեպ է եղել, որը հանգեցրել է արյունալի հետեւանքների: Թե կոնկրետ ինչ միջադեպ եւ ում միջեւ, նա չմանրամասնեց՝ նախաքննության շահերից ելնելով, միայն նշեց, որ այդ դեպքի առթիվ եւս հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով ՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Մուխսիկարոյանի տվյալներով՝ այդ գործով կարգավիճակ ունեցող անձ դեռեւս չկա. «Ես ուզում եմ, որ այդ գործը եվս քննվի Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում, բայց դա չի արվում, կարծում եմ՝ դիտավորյալ չեն միացնում, որպեսզի կարողանան պարտակել իրենց այն գործողությունները, որոնք հանգեցրին այսպիսի բարդության»:

Փաստաբանի խոսքով՝ ապրիլի 28-ին հանդիպման նախնական պայմանավորվածություն կողմերի միջեւ չի եղել. «Արմեն Հայթյանը աշխատանքի ճանապարհին է եղել, դիմացը կտրել են 5-6 մեքենայով, եւ այդ հարձակումը եղել է, եկել են, որ նրան պատժեն, վախի մեջ պահեն, նրանք եղել են շատ, մոտ 20-25, իսկ գավառցիները՝ 2-3 հոգի, թող չասեն, թե երկկողմանի, մեծ բախում է եղել»:

Ըստ փաստաբանի՝ նրա վրա կրակել են այն սեւ մեքենայից, որը, ինչպես երեւում է տեսանյութում, գալիս է դեպքի վայր, ընթացքը դանդաղեցնում, կրակոցներ արձակում եւ հեռանում. «Պատի վրա կա չորս գնդակ, կրակել ու անցել են, հենց պատասխան կրակոցներ են ստացել, դիմել են փախուստի, Արմենի մի ոտքը այդ ժամանակ, կարելի է ասել, չկար, լրիվ փշրված էր, դրա համար նա ի վիճակի չէր մյուս տուժածներին հիվանդանոց տանելու»:

Փաստաբանի խոսքով՝ փոխհրաձգության հետեւանքով մահացածները վիրավորվելուց հետո առժամանակ ողջ են մնացել, ըստ նրա՝ եթե Շտապ օգնությունը կես ժամ հետո չգար, այլ ավելի վաղ, գուցե կարողանային նաեւ նրանց կյանքը փրկել:

Արմեն Հայթյանը եւս իր մոտ ատրճանակ է ունեցել, որը, ըստ փաստաբանի, նրան չի պատկանում. «Դա իր սեփականությունը չէ, դա նա վերցրել է ուրիշից՝ սպասելով նման իրադարձությունների, նա գիտեր, որ իր վրա հարձակվելու են, եւ եթե նախապատրաստված չլիներ, ապա նրան էլ տեղում սպանելու էին, նա դիմել է ինքնապաշտպանության. եթե Սյունիքի մարզպետի վրա կրակոցների գործով գտել են, որ կա անհրաժեշտ պաշտպանության, ապա Արմեն Հայթյանը, որի վրա զինված գալիս էին, չպիտի քրեական պատասխանատվության ենթակա անձ լինի»:

Հայթյանի արձակած կրակոցից վիրավորում ստացած կա թե ոչ՝ փաստաբանը չգիտեր, ասաց՝ դա դատաձգաբանական փորձաքննությունը կպարզի. «Ամեն դեպքում, այդտեղ ոչ մի օրինական զենք չի եղել, օրինականը հաշվառված է, եւ եթե հաշվառված զենք եղել է, ապա դրա տերը եւս պիտի պատասխան տա նրա համար, որ իր օրինական զենքը հայտնվել է ուրիշի մոտ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով