Մամուլ

Մարտի սկզբից կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը

Մայիս ամսին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն կունենան այցելելու զորամասեր և տեսակցելու իրենց որդիներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծնողների այցը պատշաճ կազմակերպելու համար:

Հետևողական պայքար է տարվում Երևանում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Տարեսկզբից մինչ օրս առևտրի և հանրային սննդի օբյեկտների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում էլ հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու 73 դեպք:

Մասնավորապես, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրականացման 16, ժամը 24:00-ից հետո աշխատելու 12, բացօթյա առևտուր իրականացնելու 11, հեղուկ վառելիքի վաճառքի 1, տեխնիկական հեղուկների վաճառքի 7, թանկարժեք մետաղների վաճառքի 2 և հանրային սննդի իրականացման 24 դեպք: Բացի այդ, հսկողություն է իրականացվել նաև սգո սրահների գործունեության նկատմամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք, հարուցվել են վարչական վարույթներ: Քանի որ մեկ դեպքի մասով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 4 մլն ՀՀ դրամը, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝  հետաքննություն իրականացնելու նպատակով:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ աշխատանքները սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Այս շաբաթվա վերջին արդեն իսկ կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը:

Մայրաքաղաքում ավարտվել է բազմաբանակարան բնակելի շենքերի մուտքերի դռների գույքագրումը: Զեկուցվել է, որ առանց դռների մուտքերի թիվը կազմում է 324, կոդավորված փականներով՝ 3778 և առանց կոդավորված փականների՝ 8639: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ մուտքերի դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:

Երևանի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 684 լուսակետ: Այս պահին ընթացքի մեջ են հենասյուների մաքրման աշխատանքերը:

Կիսվել նյութով