Մամուլ

Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանության ծառայողն ինքնասպանության փորձ է արել

Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանության ծառայողն ինքնասպանության փորձ է արել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը:Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանը:

Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ էդգար Բալոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և մակարով տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ է կատարել: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:

Կիսվել էջում