ՄշակույթՇոու-բիզնես

«Մանարյանի կորուստը ցավոտ է, բայց մի բան հաստատ է․ նա ապրել է գունեղ ու լի կյանք»․ Դավիթ Գրիգորյան

«Մանարյանի կորուստը ցավոտ է, բայց մի բան հաստատ է․ նա ապրել է գունեղ ու լի կյանք»։

Հաղորդավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Յոթ տարի առաջ էր։ Ընդամենը 22 տարեկան էի։ Հաղորդմանս տաղավարում հյուրընկալել էի Երվանդ Մանարյանին։ Մինչև բուն նկարահանումը կսկսվեր, մենք արդեն հասցրել էինք մի ամբողջ՝ չձայնագրվող հարցազրույց ունենալ։

Մեր զրույցի այդ մեկ ժամվա ընթացքում Երվանդ Մանարյանն այնպիսի միջավայր ձևավորեց, որ տպավորություն էր, թե մենք միասին ենք ինստիտուտում սովորել ու վաղեմի բարեկամներ ենք։

Ինքն իր մոտեցմամբ ջնջեց տարիքը։ Չկար տարբերություն։ Ինքն ինձ համոզեց, որ երիտասարդ է ու ես իրեն չպիտի ընկալեմ, որպես տարեց մարդու։ Անկեղծաբար, հիացած էի Մանարյանի եռանդուն կեցվածքով ու լուսավոր մտքով։

Մանարյանի կորուստը ցավոտ է։ Ցավոտ է ողջ արվեստասեր հանրության համար։ Բայց մի բան հաստատ է․ Երվանդ Մանարյանն ապրել է գունեղ ու լի կյանք, ինչպես բեմում, այնպես էլ՝ կյանքում։

Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, ընկերներին, մտերիմներին ու նրան սիրող ամեն մարդու։

Աստված հոգիդ լուսավորի, բարի ու իմաստուն ընկեր»։

Կիսվել նյութով