Մամուլ

Մահացել է ճանաչված բժիշկ Գագիկ Մանուկյանը

Կյանքից հեռացել է առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական ճանաչված բժիշկ Գագիկ Մանուկյանը :

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, եկեղեցուց:

Գագիկ Մանուկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արագածոտնի մարզում՝ որպես շտապօգնության բժիշկ: 1979 թվականից աշխատել է Երևանի թիվ 2 շտապօգնության կլինիկական հիվանդանոցում (այժմ՝«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն): Երկար տարիներ զբաղեցրել է նշված բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնը: Այնուհետև զբաղեցրել է նույն բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության գծով փոխտնօրենի, իսկ 2016 թվականից՝ բուժական հարցերի գծով փոխտնօրենի պաշտոնը: 2019 թվականից Գ. Մանուկյանը զբաղեցնում էր տնօրենի խորհրդականի պաշտոնը:

Աշխատանքային գործունեության տարիների ընթացքում Գագիկ Մանուկյանը բազմիցս պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից պատվոգրերով:

2001 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ. Հերացու անվան մեդալով, իսկ 2013 թվականին արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարած «Տարվա բժիշկ» մրցույթի «Վերադարձ կյանքին» անվանակարգի մրցանակին:

Կիսվել էջում