Մամուլ

Մահացած ծննդկանի բուժող բժիշկը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է

Մահացած ծննդկանի բուժող բժիշկը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է։ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:

Fromnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մահացած ծննդկանի բուժող բժիշկը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը, երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է:

Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝  Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի անհատական քարտը, նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը, վերցվել են բացատրություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։  

Աղբյուր՝ Fromnews.am

Կիսվել նյութով