Մամուլ

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի աչքերին այսքան տարի թոզ է փչել. Զարեհ Սինանյան

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի աչքերին այսքան տարի թոզ է փչել։ Սփյուռքի գործերով հանձնակատար, սփյուռքահայ Զարեհ Սինանյանը, որը ժամանակին՝ որպես Գլենդելի քաղաքապետ, շփվում էր սփյուռքի նախարարության հետ, կարծում է, որ նախկինում սփյուռքի նախարարությունն ու անձամբ նախարարը արդյունավետ կապ չեն ստեղծել Սփյուռքի հետ։

Հրապարակի հետ զրույցում Սինանյանը նշեց, որ ըստ իրեն՝ ավելի շատ թոզ են փչել սփյուռքահայերի աչքերին։ Ուստի հիմա ավելի լավ է Հայաստան-Սփյուռք կապի որակը, քան նախկինում։ Բայց մի տարօրինակ, կարելի է ասել՝ աբսուրդային փաստ կա․ Հրանուշ Հակոբյանի ղեկավարած նախարարությունն ունեցել է ավելի շատ աշխատակից, բայց ավելի փոքր բյուջե, քան Սինանյանի ղեկավարած գրասենյակը, որը մոտ 50-ով կրճատել է աշխատակիցների թիվը, բայց 100 մլն դրամով ավելացրել բյուջեն։

Թե որտեղ է ծախսվում այդ հավելյալ 100 մլն դրամը, եւ որտեղ են երեւում ավելի քիչ աշխատակազմով ավելի մեծ բյուջե ունենալու տրամաբանությունն ու արդյունավետությունը, Սինանյանից այդպես էլ հստակ պատասխան չստացանք։ «Մեր աշխատակազմը հիմա կրճատվել է մինչեւ 52 անձ, նախկինում 90-ի չափ էր, իսկ բյուջեն մեծացել է 100 մլն դրամով»,- ասաց  Սինանյանը։

– Իսկ ո՞րն է դրա արդյունավետությունը, եթե աշխատակազմը կրճատվել է, բյուջեն՝ ավելացել․․․ տրամաբանությանը հակասում է, կարծես թե։

– Իրականում չի հակասում, որովհետեւ ծրագրերի ծավալը մեծացել է, աշխատանքի ծավալը մեծացել է, եւ աշխատանքի որակն է բարելավվել։

– Փաստորեն, զուտ բյուջեի առումով նախորդ կառավարության ժամանակ, երբ սփյուռքի նախարարություն էր, ոչ թե գրասենյակ, ավելի տնտեսող էր եւ քիչ բեռ էր առաջացնում բյուջեի վրա, քան հիմա, երբ ավելի փոքր մարմին է։

– Դա շատ սուբյեկտիվ մեկնաբանություն է եւ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ տնտեսող էր, եթե էնտեղ 90-ից ավել մարդ էին պահում, բայց անարդյունավետ էին աշխատում։

– Դուք էլ քիչ մարդ եք պահում, բայց ավելի շատ ծախսում։

– Այո, որովհետեւ մենք շատ ավելի մեծ ծրագրերի ծավալ ունենք։

– Ի՞նչ ծրագրեր, օրինակ։

– Դե, սկսած Սփյուռքի քարտեզագրումից, որը շատ թանկ եւ շատ ծավալուն ծրագիր է։ Դա ինքնին շատ մեծ ազդեցություն է ունենում բյուջեի վրա, վերջացրած նրանով, որ երեք հատ համաժողով ենք կազմակերպելու մյուս տարի։

– Նախորդ նախարարությունն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանը վա՞տ են աշխատել, նրա աշխատանքում ինչ-որ բացասական փաստեր հայտնաբերե՞լ եք՝ կոռուպցիոն ռիսկեր, գաղթօջախների հետ հարաբերությունների վատթարացում։

– Ուրեմն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները մինչ օրս եղել են շատ ցածր մակարդակի վրա, եւ չեմ կարող ասել, որ հիմա շատ բարձր մակարդակի վրա են, որովհետեւ մենք հիմա նոր ենք սկսում արմատական աշխատանք տանել այդ հարաբերությունները բարելավելու իմաստով։ Ես չեմ ուզում ասել, որ դա նախարարության աշխատանքի վատ հետեւանք է, դա ընդհանրապես Հայաստանի էդ անօրեն, կոռումպացված եւ սխալ ուղղությամբ շարժվող պետություն լինելու եւ, ընդհանրապես, Սփյուռքում վակուում ստեղծելու հետեւանքն էր։ Հետեւաբար, այդ հարաբերությունները․․․ ես չեմ ուզում մեղքը բարդեն նախարարության վրա, նախարարությանը տվել են ինչ-որ հանձնարարական, ասել են՝ սա է ձեր նպատակը, այն է, որ հիմնականում կարող եմ մի քանի բառով ներկայացնել որպես Սփյուռքի աչքերին թոզ փչել, եւ փչել են։

– Դուք էլ եք Սփյուռքի ներկայացուցիչ, Ձեր աչքերին է՞լ են թոզ փչել։ Հրանուշ Հակոբյանը Ձեր աչքերին թո՞զ էր փչում, երբ այցելում էր ԱՄՆ։

– Հրանուշ Հակոբյանն ԱՄՆ արեւմտյան ափ պաշտոնական երեւի մեկ այցելություն է ունեցել, եթե չեմ սխալվում, երբ որ նոր էին իրեն նշանակել։ Մի անգամ մասնակցել եմ էդ հանդիպմանը արեւմտյան ափում եւ շատ թերահավատորեն եմ մոտեցել այն ծրագրերին, որոնք ներկայացվել են, մի անգամ էլ՝ որպես Գլենդելի քաղաքապետ, հանդիպել եմ այստեղ՝ Երեւանում։ Իսկ կոռուպցիայի մասով ես չեմ կարող պատասխանել, ես նման հարցերի մեջ չեմ մտնում։

– Հիմա նա թո՞զ էր փչում Ձեր եւ Սփյուռքի աչքերին։

– Դե, իհարկե, ամբողջ համակարգն էր թոզ փչում, ամեն ինչ հիմնված էր կեղծիքի վրա։

– Լավ, հիմա ի՞նչ առաքելություն է դրված Ձեր ուսերին՝ որպես հանձնակատարի, ներդրումնե՞ր բերել Սփյուռքից, թե՞ վերադարձնել սփյուռքահայերին հայրենիք․․․

– Գլոբալ իմաստով՝ առաքելությունը հետեւյալն է․ բարելավել Հայաստան-Սփյուռք հարաբերությունը եւ մաքսիմում ինտեգրել Սփյուռքը Հայաստանի հետ։

– Սկսե՞լ եք արդեն այդ աշխատանքները, ստացվո՞ւմ է, արդյունք կա՞։

– Սկսել ենք, բայց գիտե՞ք՝ կարծել, որ վեց ամսվա մեջ կարելի է Սփյուռքը բուժել եւ ինտեգրել Հայաստանի հետ, պարզապես միամտություն է։ Այդ անջրպետը բավականին խորն է, բացի դրանից, խոչընդոտները շատ եւ շատ են, ուստի շատ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի մենք էդ կետին հասնենք։ Ընդհանրապես, Հայաստանում շատ են սիրում շատ բարդ հարցերը կարծել, որ մի վայրկյանոմ պիտի լուծվի։ Չկա նման բան։ Բայց ես չավարտեցի․ առաջինը, ինչպես ասացի, Սփյուռքի ինտեգրումն է Հայաստանին, երկրորդը ներգաղթի խթանումն է, որի համար պետք է բավականին լուրջ նախադրյալներ ստեղծել։

– Այսինքն՝ սփյուռքի հանձնակատարի առաքելությունը պետք է լինի այն, որ Սփյուռքն ամրապնդի՞, թե՞ հակառակը՝ վերացնի Սփյուռքն ընդհանրապես։

– Ձեր հարցի մեջ սխալ կանխավարկած կա, որ հայրենադարձություն ապահովել՝ նշանակում է վերացնել Սփյուռքը։ Դա ամենեւին այդպես չէ։ Ես կարող եմ օրինակ բերել հրեական սփյուռքը, որ Իսրայելի ստեղծումից հետո անընդհատ դատարկվում է կարծես, բայց արի ու տես, որ իրենց սփյուռքյան համայնքները չեն թուլանում։ Այսինքն՝ բացարձակ այդպես չէ։ Ընդհակառակը, ունենալով ուժեղ պետություն՝ ամրացնելու ենք Սփյուռքը։ Մենք Սփյուռքում ունենք կրիտիկական մասսա, որը բավարար է ե՛ւ համայնքները պահելու, ե՛ւ Հայաստան հայրենադարձվելու համար։ Կարծել, որ բոլորը վերադառնալու են Հայաստան, դա էլ միամտություն է։

– Ոգեւորվա՞ծ են մեր Սփյուռքի հայրենակիցները հայաստանյան իրադարձություններով, հեղափոխական կառավարությամբ, վարչապետով, ուզո՞ւմ են վերադառնալ Հայաստան, ներդրումներ անել։

– Այո, ոգեւորված են։ Բայց, գիտե՞ք, ոգեւորված լինելը եւ Հայաստան վերադառնալը մի քիչ տարբեր բաներ են, բայց պատասխանեմ։ Ուրեմն, մարդիկ ոգեւորված են, մարդիկ հետաքրքրված են Հայաստանով, մարդիկ շատ ավելի շատ են այցելում Հայաստան, մարդիկ շատ ավելի շատ են մտածում Հայաստանում ներդրումներ անելու կամ Հայաստան վերադառնալու մասին, բայց դա այն հսկայածավալ ներգաղթը չէ, որի մասին մենք խոսում ենք։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով