Հնդիկ երիտասարդները ծեծի են ենթարկել և բռնաբարել 7-ամյա երեխայի
Ինչպես հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Times of India» պարբերականին, Հնդկաստանում իրավապահները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք կասկածվում են յոթամյա երեխայի նկատմամբ իրականացված դաժան սեռական բռնության և սպանության փորձի մեջ։
Ըստ քննության տվյալների՝ որոշ ժամանակ առաջ տվյալ բնակավայր էր ժամանել 18-ամյա Վինայ Կումարը, որն աշխատանքի էր անցել տեղի առևտրի կենտրոնի շինհրապարակում։
Այնտեղ նա ծանոթացել էր իր ապագա հանցակցի հետ։ Կումարը հաճախ էր շփվում տուժած աղջկա ու նրա եղբայրների հետ՝ նրանց սիրաշահելով չիպսերով և քաղցրավենիքով։
Դեպքի օրը կասկածյալը երեխային կրկին չիպսեր ու ըմպելիք է առաջարկել, ապա նրան խաբեությամբ տարել առևտրի կենտրոնի տարածք։
Այնտեղ տղամարդիկ երկաթե ձողով բազմաթիվ հարվածներ են հասցրել աղջկա գլխին, որից հետո նրան ենթարկել են սեռական բռնության։ Կարծելով, թե երեխան այլևս չի շնչում և մահացել է, հանցագործները նրան նետել են հանքահորը։
Աղջկա անհետացումից հետո ծնողներն անմիջապես դիմել են ոստիկանություն։
Անվտանգության տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելիս իրավապահները նկատել են, որ կասկածյալները շինություն են մտել երեխայի հետ, սակայն դուրս են եկել մենակ։
Որոնողական աշխատանքները բարդացել են տարածքում լույսի բացակայության պատճառով, ուստի ոստիկաններն ու կամավորները ստիպված են եղել գործել լապտերների օգնությամբ։ Ի վերջո, դպրոցականին գտել են հանքահորում՝ անգիտակից վիճակում։
Բժիշկները երեխայի մարմնի վրա հայտնաբերել են 25 վնասվածք, որոնցից 17-ը՝ գլխի շրջանում, ինչպես նաև ձախ ոտքի երկու կոտրվածք։ Ներկայումս երկու կասկածյալներն էլ կալանավորված են։



