Մամուլ

Հնարավորություն ունենք այլևս չսխալվելու․ Արծրուն Հովհաննիսյանը՝ վարժական հավաքները պարտադիր և 25 օր դարձնելու մասին

Հնարավորություն ունենք այլևս չսխալվելու․ Արծրուն Հովհաննիսյանը՝ վարժական հավաքները պարտադիր և 25 օր դարձնելու մասին

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, փոխարենն այն կտևի 25 օր։

«Մեր նպատակը հետևյալն է՝ հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։

Սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, որոնք միշտ պատրաստակամ են եղել: Բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ընդգծել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը շեշտել է, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այս որոշմանը, ասում է՝ ռազմական գործի գիտակները, մարտական պատրաստության մասնագետները պետք է ուսումնասիրեն և հասկանան, թե ինչ ուսումնական ծրագիր է գրվելու, ինչ ծրագրով է անցկացվելու մարտական պատրաստությունը, որպեսզի այդ ամենը տեղավորի 25-օրյա ժամկետների մեջ:

eramsya varjanqner

«Եթե պաշտպանության նախարարը հայտարարել է 25-օրյա ժամկետի մասին, ապա ես հույս ունեմ, որ Գլխավոր շտաբի մարտական պատրաստության կոնկրետ մասնագետները հաշվարկ են արել: Այս ամենի հետևում պետք է լինի հստակ ռազմագիտական հաշվարկ:

Այնպես չէ, որ սկզբում երեք ամսյա էին լինում հավաքները, որովհետև դա գեղեցիկ թիվ էր, այդ թվի տակ կոնկրետ առարկայական հաշվարկ կար դրված: Լիահույս եմ, որ 25 օրվա դեպքում նույնպես այդ հաշվարկն արված է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Վերջինս նշում է՝ քաղաքացիները դժգոհում են, թե 3 ամիսը շատ է, քանի որ դրա պատճառով կրում են ֆինանսական կորուստներ, սակայն պետք է մեդալի հակառակ կողմն էլ նայել:

«Մենք հաշվարկե՞լ ենք, թե այս եռամսյա հավաքների համար պետությունը որքան ռեսուրս է ծախսում, որքան աշխատավարձ է տալիս և այլն: Եվ այդ հավաքներին մասնակցած մարդկանցից ստացված արդյունքը արդյոք համահո՞ւնչ է ծախսված ռեսուրսներին: Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև մինչև հիմա դժգոհության մի կողմն է քննարկվում, իսկ նեղ մասնագիտական դժգոհությունը չի քննարկվում:

Ես ասում եմ՝ բանակը շատ ռեսուրս է ծախսել այդ զորավարժությունների վրա, բայց դրանց մարտական ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) շատ ցածր է: Դրա համար եմ ասում, որ հույս ունեմ՝ բանակի մարտական պատասխանատուները նախարարի հնչեցրած թվի տակ դրել են լուրջ ռազմագիտական հետազոտություն»,- ընդգծում է նա:

Խոսելով միջազգային փորձի մասին՝ Հովհաննիսյանն ասում է՝ շատ երկրներում առաջին անգամ զորավարժությունների տանում են 3-4 ամիս, հետո, եթե նույն մարդուն կրկին կանչում են զորավարժության, այդ դեպքում՝ երկու կամ երեք շաբաթ:

arcrun hovhannisyan

«Եթե զորավարժության մասնակցած քաղաքացին արդեն տիրապետում է իր առջև դրված խնդիրներին, վերհիշել է ամեն բան, մտել է դինամիկայի մեջ, հաջորդ տարիներին կարելի է բավարարվել մի քանի շաբաթ զորավարժություն անցկացնելով:

Մենք պետք է հասկանանք՝ զորավարժության եկած մարդուց ի՞նչ ենք պահանջում, ի՞նչ ենք ցանկանում ստանալ: Ցանկանում ենք ստանալ դիրքապահ զինվո՞ր, հատուկ նշանակության զորքի հարձակվո՞ղ, երկրորդ կարգի զորամասերում ոչ անմիջական շփման պայմաններում հակառակորդի հետ հերթապահություն կատարո՞ղ: Այս հարցերի պատասխանները պետք է հաշվարկված լինեն:

Պետք է հասկանալ, թե ինչ է անելու շարքային զինվորը, պայմանագրայինը՝ ինչ: Նաև պետք է հասկանալ՝ այդ ակնկալիքի դիմաց մենք ի՞նչ ենք տալիս իրենց»,- հարցադրումներ է հնչեցնում Հովհաննիսյանը:

Իսկ եթե զորավարժությունների մարտական ՕԳԳ-ն ցածր է, արդյոք դրա մասին չգիտե՞ն ՀՀ պաշտպանական գերատեսչությունում, և ինչո՞ւ շտկումներ չեն արվում, փորձագետն ասում է՝ 2016 թվականից՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մենք եռամսյա հավաքների լավ փորձ ենք ձեռք բերել և հնարավորություն ունենք այլևս չսխալվելու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում