Մամուլ

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը. Փաշինյան

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը կարևոր իրադարձություն է»,- նշեց նա:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ ԱԺ-ում հնչեցրել են բացված աշխատատեղերի մասին թվային տվյալներ, նշել են 63 000 թիվը, սակայն ուզում է ավելի ստույգ տեղեկություն տալ. 2018 թ. մայիսի 20-ից մինչ հիմա Հայաստանում 64.899 աշխատատեղ է բացվել:

Փաշինյանը ՊԵԿ նախագահի խոսքին արձագանքեց՝ նշելով.

«Մենք այսպիսի մի խնդիր ունենք. երբ 2018 թ. սեպտեմբերին 2018 թ. 32 000-ի տարբերություն ունեցանք, այն ժամանակ հիմնական մեկնաբանությունն այն էր, որ սա ստվերից դուրս եկողն է: Փետրվարին 52 000 ունեցանք, նույն մեկնաբանությունն էր, բայց հընթացս արձանագրեցինք, որ չունենք մեխանիզմ՝ տարբերակելու նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերը: Մեկնաբանության լայն տեղ կա, բայց արձանագրենք, որ վերջին մեկ տարում ՀՀ-ում արձանագրվել է 64 000 աշխատատեղերի աճ»:

Share