Մամուլ

ՀՀ իշխանություններին հորդորում ենք ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից․ «Սասնա Ծռեր»

ՀՀ իշխանություններին հորդորում ենք ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից։ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել:

«Խիստ մտահոգիչ են խորհրդային բռնապետության ոճով և նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձևով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը:

Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձևով՝ իբրև թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի և կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական և, հնարավոր է՝ նաև իրավական ազդեցության միջոցներով:

Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը և համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին և Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետև ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը և չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները»:

Կիսվել էջում