Մամուլ

Հեղափոխություն կոչվածը շատ ավելի հզոր ուժեր են աջակցել, շատ հզոր ուժեր․ Սերժ Սարգսյան

Հեղափոխություն կոչվածը շատ ավելի հզոր ուժեր են աջակցել, շատ հզոր ուժեր․ Սերժ Սարգսյան

– Ձեզ շատ են մեղադրում նրանում, որ սորոսական ֆոնդերը լայնորեն տարածվել են և սկսել են երկիրը ներսից քանդել հենց Ձեր կառավարման տարիներին: Մեղադրանք է, որը եղել է: Ի՞նչ կպատասխանեք դրան, պարո՛ն նախագահ:

 – Գիտեք, եթե մարդիկ ցանկություն ունեն մեղադրելու, ապա հազար ու մի պատճառ կարող են գտնել: Այն, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն այստեղ վարում էին այնպիսի քաղաքականություն, որի հետ մենք համաձայն չէինք, դա միանշանակ է: Բայց Սորոսի հիմնադրամը մուտք է գործել Հայաստան 1997 թվականին: Շատերն ասում են, որ սորոսականներն են այս հեղափոխությունը կատարել:

Ոչ: Նրանք, այո, աջակցել են, բայց այս հեղափոխություն կոչվածը, նորից կրկնեմ, շատ ավելի հզոր ուժեր են աջակցել ներսին, շատ հզոր ուժեր, որոնք տիրապետում են տեխնոլոգիաների, ռեսուրսների և այդ տեխնոլոգիաները հաջողությամբ օգտագոծել են ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այո, մենք անհամաձայնություններ ունեինք սորոսականների հետ, բայց իմ կարծիքով նրանք այնքան էլ մեծ վտանգ չէին ներկայացնում այն ժամանակ Հայաստանում, որովհետև նրանք որևէ ազդեցություն չունեին իշխանության կողմից կայացվող որոշումների վրա: Իսկ իշխանափոխությունից հետո իրենք, իհարկե, ներթափանցեցին և՛ խորհրդարան, և՛ գործադիր իշխանության տարբեր կառույցներ ու իրենց գաղափարները հիմա իրականացնում են: Ես հասկանում եմ նաև հարցի ենթատեքստը՝ ինչո՞ւ չփակեցիք:

serj sargsyan interview

Գիտեք, շատ ավելի հեշտ է չթողնել մուտք գործել, քան նրանց արգելել՝ խոսքը միայն Սորոսին չէ վերաբերում, այլ տարբեր կառույցների, տարբեր ֆոնդերի և այլն: Վերջիվերջո, մենք կլինեինք այն եզակիներից մեկը, որ երկար տարիներ իրենց գործունեությունից հետո արգելեինք: Հենց այդ իշխանափոխության ժամանակ և դրան հետևող շաբաթների ընթացքում տարբեր եվրոպական երկրներ արգելեցին, և դա մեզ համար հիմք կարող էր հանդիսանալ, եթե նրանց վտանգը մեծանար, որպեսզի մենք ևս արգելեինք:

– Լավ, այս անգամ խոսեցինք նրա մասին, որ 2018 թվականի իշխանափոխությունը կազմակերպելը ինքը չի, Նիկոլի մասին չենք խոսում, նույնիսկ Սորոսը չի,  այլ ավելի մեծ և հզոր ուժեր: Պարո՛ն նախագահ, եթե ավելի մեծ ու հզոր ուժ էր, ինչո՞ւ օգնություն չխնդրեցիք հենց Ռուսաստանից` մեր ռազմավարական դաշնակիցն է: 

– Մտքովս անգամ երբեք չի անցել և չի կարող անցնել ռազմավարական դաշնակցից խնդրել օգնություն՝ իշխանությունը պահելու: Դա ինձ համար շատ վիրավորական կլիներ: Ես ռազմավարական դաշնակցից, Ռուսաստանի նախագահից բազմաթիվ բաներ եմ խնդրել` խնդրել եմ մեզ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, և ցուցաբերվել է՝ լիուլի ցուցաբերվել է, ես խնդրել եմ նոր սպառազինություններ, նոր սպառազինությունների համար վարկեր տրամադրել, տրամադրվել է, ես խնդրել եմ մեզ համար անհրաժեշտ սպառազինություն, որն այլ երկրների չի վաճառվում՝ արվել է, խնդրել եմ բազմաթիվ տարբեր տնտեսական հարցեր լուծել՝ այո, լուծվել են, բայց ես զանգեի, խնդրեի, ասեի՝ խնդրում եմ պահեք իմ իշխանությունը: Ես ո՞վ կլինեի այդ ժամանակ:

Կոնկրետ քեզ, Մհե՛ր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա դուր կգա՞ր արդյոք:

Ամոթ չէ, հասկանում եք, ռազմավարական դաշնակցից կամ մի այլ երկրի ղեկավարից ինչ-որ բան խնդրել երկրի՛ համար:

Նիկոլի հրապարակ

 – Պարո՛ն նախագահ, Դուք հարց տվեցիք՝ քեզ դա դուր կգար, թե ոչ. իմ վերաբերմունքը, միգուցե, կփոխվեր, ես այլ կերպ կսկսեի վերաբերվել Ձեզ: Ոչ, դա ինձ դուր չէր գա:

 – Արժանապատվությունը, որ կապված է երկրի հետ, դա էլ շատ թանկ բան է: Գիտեք, տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում այդ արժանապատվությունը, հասկանո՞ւմ եք: Ես նախկինում մի քանի օրինակներ եմ բերել, որ դա երբեք արժանապատվության հետ կապ չունի, երբ դու ոչ հարգալից ես վերաբերվում քո գործընկերոջ նկատմամբ: Դա չէ արժանապատվությունը:

Արժանապատվությունն այն է, երբ դու կարողանում ես լուծել այն խնդիրները, որ ծառացած են քո երկրի առջև: Եվ իմ արժանապատվությունը երբեք ես նսեմացված չեմ զգացել, եթե ես խնդրել եմ շատ զենք, և ինձ տվել են ոչ այնքան շատ, այո նորմալ է, նման դեպքերում նորմալ է, բայց խնդրես, ասես՝ խնդրում եմ, ինձ օգնեք իշխանությունը պահել՝ դա իմը չէ, դա իրոք, իմը չէ: Կամ խնդրես, ասես՝ օգնեք ես գամ իշխանության, ապա ամեն ինչ կանեմ, ինչ դուք ասեք: Դա էլ իմը չէ:

Կիսվել նյութով