Հայտնի է Հովհաննես Սահակյանի խափանման միջոցը
Ինչպես արդեն հայտնել էինք, Հովհաննես Սահակյանը, որը համացանցում արդեն հայտնի է դարձել, ձերբակալվել է հենց օդանավակայանում։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակայանին մոտ 3 ժամ քննելուց հետո մեղադրանք են առաջադրել եւ խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք,որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։
«Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։ Ավելի ուշ, երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, հենց օդանավակյանում ձերբակալվել է։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործության մասին չհայտնելը)։ Քննիչի որոշմամբ Հ. Ս.-ն ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։


