Մամուլ

Հայաստանում նախատեսվում է ծխախոտային արտադրանքի գովազդն ամբողջությամբ արգելել ըստ Շրջանակային կոնվենցիայի

News.am-ը գրում է․ «Ներկայումս Հայաստանում ծխախոտի գովազդն արգելված է հեռուստատեսությունում, ռադիոյով, թերթերի առաջին և վերջին էջերին ու ներսի էջերին, սակայն ծխախոտային արտադրանքի գովազդի վերաբերյալ երկրի քաղաքականությունը դեռևս չի համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որին Հայաստանը միացել է դեռևս 2004 թվականին: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Ինչպես շեշտեց մասնագետը Շրջանակային կոնվենցիայով արգելվում է ծխախոտային արտադրանքի ցանկացած գովազդը, այդ թվում՝ վաճառքի առաջմղման բոլոր հնարավոր ձևերը և ծխախոտային ընկերությունների կողմից միջոցառումների հովանավորումը: Հայաստանում դեռևս արգելված չէ ծխախոտի վաճառքի առաջմղումը և տեղադրությունը, շատ խանութներում ծխախոտը ոչ միայն տեսանելի տեղում է դրվում, այլ նույնիսկ դեռահասների տեսադաշտի մակարդակում: Դեռևս չկա նաև օրենք, որը ծխախոտային ընկերություններին արգելում է տարբեր միջացառումների հովանավորումը:

Ինչպես նշեց Բազարչյանը, այս ամենը, սակայն, հաշվի կառնեն «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման մասին» (անվանումն աշխատանքային է և կարող է փոխվել) օրենքների նոր փաթեթում, որը դեռևս մշակման փուլում է: Կլինեն օրենքներ, որոնք կարգելեն ծխախոտային արտադրանքի ցանկացած գովազդը, այդ թվում՝ տեղադրումն ու հովանավորումը, ինչպես նաև օրենքներ, որոնք կարգելեն հասարակական վայրերում ծխելը:

Ինչպես նշեց Ալեքսանդր Բազարչյանը, գրեթե 15-20 օր հետո օրենքների փաթեթը պատրաստ կլինի և քննարկման կդրվի: Դեռևս հայտնի չէ, թե երբ կհայտնվի խորհրդարանում:

Ինչպես իր հերթին շեշտեց Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը, նախագծի հիմնական նպատակն է երկրի բնակչության առողջության պաշտպանությունը: Ծխողների թվի նվազեցումը և հասարակական վայրերում ծխելու արգելքը կարող են զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդություններով հիվանդացությունը, որոնք շարունակում են մնալ երկրում մահացության առաջատար պատճառները»։

Աղբյուր՝ News.am

Կիսվել նյութով