Հայաստանում հեղեղումների վտանգ կա
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
Տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպելով իրազեկման աշխատանքներ և կապ հաստատելով ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների ու մարզպետարանների հետ՝ նախապատրաստական քայլերը քննարկելու համար։
Միաժամանակ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։


