Մամուլ

«Հայաստանում կրթական հեղափոխություն կլինի, եթե լավագույն մանկավարժները դառնան դասվարներ». Սերոբ Խաչատրյան

«Առավոտ»-ը գրում է. Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ:

Հայտնի գրող Անդրեյ Ժիդն ասում էր՝ մի հավատացեք այն մարդկանց, որոնք գտել են լուծումները, հավատացեք մարդկանց, ովքեր որոնում են լուծումները: Կրթության մեջ առաջարկված առանձին լուծումները, ըստ իս, չեն աշխատելու: Մեզ պետք է բազմամասնագիտական կայուն մի խումբ, որտեղ ներառված կլինեն կրթության մասնագետներ, արվեստագետներ, հոգեբաններ եւ այլն եւ որոնք կփորձեն ընդհանուր քննարկումների արդյունքում մշակել որոշակի տեսլական եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Այսօր գուցեեւ լավ տեսլականներ գրվում են, բայց կոնկրետ քայլերի պակաս ունենք: Այսօր մենք փաստարկված, համոզիչ խոսքի կարիք ունենք, որ ցույց կտա խնդիրները եւ կմատնանշի լուծումները: Օրինակ, այս առումով ԲՈՀ-ի ղեկավար Սմբատ Գոգյանի աշխատանքը ես բավականին բարձր եմ համարում, նա կանգնում է ակադեմիկոսների առաջ, մատնանշում է խնդիրը եւ բոլորն են համաձայնում նրա հետ, քանի որ փաստարկված, համոզիչ է խոսքը:

Մարդը կարողացել է կարճ ժամանակում խնդիրները մեջտեղ հանել եւ ներկայացնել ու լուծումներ առաջարկել: Մենք արդեն 20 տարի է կրթության ռեֆորմ ենք անում: Բայց ոչ ուսուցիչներին ենք համոզել, որ անհրաժեշտ են այդ ռեֆորմները, ոչ դասախոսներին: Նրանց մեծ մասը դեմ է այդ ռեֆորմներին, այդ դեպքում ինչպե՞ս ենք փոխելու իրավիճակը, չէ որ չենք կարող հազարավոր մասնագետների ամեն ժամ վերահսկել: Հանրակրթության բարեփոխման առաջին քայլը պետք է համոզիչ խոսքը լինի, ոչ թե ինչ – որ թուղթ, որ ուսումնական հաստատություններում կստանան, մի կողմ կդնեն ու կշարունակեն հին ձեւով աշխատել:

Մարդիկ, պետք է լինեն, որ Սմբատի պես կհամոզեն, որ իրենց մատնանշած եղանակն է ճիշտ եւ գործը առաջ կտանեն: Աշխարհը կտրուկ փոխվել է, բայց մենք կարծես չենք զգում այդ փոփոխությունները: Աշխարհում ավտոմատացում է գնում եւ հինգ տարուց արդեն զգացվելու են արդյունքները: Մեծ Բրիտանիան արդեն հրապարակեց, որ երկրում 800 տեխնիկական աշխատանք արդեն ավտոմատացված է: Եթե մեր կրթական համակարգը շարունակի կենտրոնանալ միայն գերազանցիկների վրա, մյուս երեխաները լուրջ խնդրի են բախվելու:

Բացատրեմ միտքս: Երբ ավտոմեքենան ստեղծվեց, կառապանները սկսեցին ավտոմեքենա վարել, երբ գործարանները փակվեցին, բանվորները գնացին սպասարկման ոլորտում աշխատեցին, դա հեշտ էր: Այսօր փոփոխությունը ուղղահայաց է լինելու: Երբ սպասարկման ոլորտի աշխատատեղերը ավտոմատացվեն, նոր առաջարկը համարժեք չի լինելու: Գործազուրկ վարորդին, օրինակ, շուկայում ծրագրավորող աշխատելու առաջարկ կլինի: Այսօր Հայաստանի դպրոցներում աշակերտների 70 տոկոսը չի սովորում, նրանց ուղղակի պահում ենք այնտեղ:

Հինգերորդ-վեցերորդ դասարանում երեխան լավ չի սովորում, ուսուցիչը չգիտի ինչ անել նրա հետ, ասում է՝ դու վերջում նստի: Այսինքն` մենք վատնում ենք երեխայի կյանքը, մանկությունը: Նա անիմաստ չարանում է, որովհետեւ չգիտի ինչ անի: Եթե այսօր դպրոցում այնքան էլ լավ չսովորող աշակերտները անտեսվում են, վաղը նրանք բեռ են դառնալու Հայաստանի եւ աշխարհի համար: Ի՞նչ անենք: Աշխարհում տարբեր մոտեցումներ կան: Աշխարհի շատ երկրներում, օրինակ, հինգերորդ դասարանից դպրոցում փորձում են հասկանալ տվյալ երեխան ինչ՞ի կարող է հասնել:

Ավելի լավ ունակություն ունեցողներին ուղղորդում են գիմնազիա, հետո՝ համալսարան, ավելի թույլ երեխային մի քիչ այլ դպրոց, որից հետո էլ նա հնարավորություն ունի շարունակելու ուսումը համալսարանում, բայց մի փոքր ավելի երկար ճանապարհով պետք է հասնի այնտեղ: Այդ համակարգն էլ, իհարկե, իր քննադատներն ունի: Կարծիք կա, որ սխալ է վաղ տարիքից որոշել երեխայի ունակությունները, բայց այսպես նստելով էլ չի լինի, մի բան պետք է արվի:

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել էջում