Շոու-բիզնես

«Հայաստանում ավելի լավ բժիշկներ ունենք, պարզապես ԱՄՆ-ում ցավազրկումն այլ տեխնոլոգիաներով է»․ Լուսինե Թովմասյանը՝ ծննդաբերության մասին

«Հայաստանում ավելի լավ բժիշկներ ունենք, պարզապես ԱՄՆ-ում ցավազրկումն այլ տեխնոլոգիաներով է» «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ երեխայի՝ Ալեքսի ծննդից հետո ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան:

Լուսինեն  Tert.am Life-ին պատմել է ԱՄՆ-ում ծննդաբերելու որոշման պատճառի, որդու ծննդից հետո իր զգացողությունների ու երկու երեխայի փոխհարաբերությունների մասին:

Լուսինեն և ամուսինը՝ Արթուրը ԱՄՆ քաղաքացիություն են ստացել: Այնտեղ ծննդաբերելով՝ որդին ևս քաղաքացիություն ստացավ: Լուսինեից հետաքրքրվեցինք՝ արդյոք հետագայում ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեն: Մոդելն ասաց, որ նման ծրագրեր չունեն:

«Քանի որ մենք ԱՄՆ քաղաքացի ենք, ամուսնուս ծնողներն ու եղբայրն այնտեղ են բնակվում, Ալեքսի ծնունդն էլ ամռանն էր նախատեսված, որոշեցինք մեկնել ԱՄՆ, նրանց հետ ժամանակ անցկացնելու և, ինչու ոչ, շատ ավելի հեշտ ծննդաբերելու: Միայն այն, որ այնտեղ ցավազրկումն այլ կերպ է ստացվում, կարևոր է: Առաջին ծննդաբերությունից հետո հասկացա դա: Չեմ կարող ասել, թե այնտեղի բժիշկներն ավելի լավն են: Հայաստանում ավելի լավ բժիշկներ ունենք, պարզապես, երևի, տեխնոլոգիաների, դեղերի խնդիրն է»,- ասաց մոդելը ու հավելեց, որ այս ամիսներին թե՛ ինքը, թե՛ ամուսինը, թե՛ երեխան շատ էին կարոտել Երևանը:

Գեղեցկուհու տիտղոսակիրը նկատեց, որ Հայաստան վերադառնալուց հետո իրենց ժամային գրաֆիկը դեռ չի կարգավորվել, սակայն հասցրել են անել ամենակարևոր քայլերից մեկը՝ Ալեքսին տարել են եկեղեցի՝ օրհնություն ստանալու։ Լուսինեն ասաց, որ կարևորում է այս տարիքում փոքրիկին մկրտելը, առաջիկայում կզբաղվի դրանով:

«Մենք պատրաստված չէինք և չհասցրեցինք մկրտություն անել, սակայն ուժերս հավաքեմ, կպատրաստվեմ ու կմկրտենք Ալեքսին: Ես շատ եմ կարևորում օրհնություն ստանալը: Թե՛ Արիանայի, թե՛ Ալեքսի դեպքում քառասունքից դուրս գալը նշեցինք օրհնություն ստանալով: Շատ ուրախ եմ, որ հասցրեցինք գալ Հայաստան ու օրհնություն ստանալ»,- ասաց Լուսինեն:

Անդրադառնալով երկրորդ երեխայի խնամքին և սեռերի տարբերությամբ պայմանավորված փոփոխություններին՝ մոդելը նկատեց, որ էական տարբերություններ չկան․ «Զգացմունքային առումով որևէ տարբերություն չեմ զգում, միայն փաղաքշական բառերն են փոխվել»:

Որպես կանոն՝ նորաձև մայրիկները փորձում են ավելի թիթիզ մեծացնել իրենց աղջիկներին: Լուսինեն ասաց, որ ինքը երբևէ իր առաջ նման հարց չի դրել, երեխաների համար հագուստի ընտրության հարցում էլ տարբերությունները շատ չեն: «Հագուստների ընտրության հարցում ուշադրություն եմ դարձնում երեխաների հարմարավետությանը: Ես Արիանային էլ շատ թիթիզ չեմ մեծացրել: Այս դեպքում փոխվել են միայն գունային գամմաները՝ բաց վարդագույնին փոխարինել է բաց երկնագույնը»,- ասաց նա:

Երբ մայրիկից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Արիանան ու Ալեքսը, նրա ձայնը միանգամից փաղաքշական դարձավ: «Երբ տեսնում եմ, թե Արիանան ինչպես է վերաբերում եղբորը, ուղղակի հալչում եմ: Շատ հոգատար է, խանդի դրսևորում բացարձակ չկա: Նույնիսկ կարող է ինձ նկատողություն անել, որ ինչ-որ բան սխալ արեցի, հնարավոր է՝ Ալեքսին դուր չգա»,- ժպիտով ասաց մայրիկն ու հավելեց, որ այս հարցին շատ լուրջ են մոտեցել: «Մենք երկար պատրաստվել ենք, որպեսզի երեխայի մոտ հանկարծ խանդ չլինի: Ի սկզբանե որոշել էինք, որ Ալեքսի ծննդից հետո թե՛ մեր, թե՛ տատիկների, պապիկների կողմից ուշադրությունն ավելի շատ պետք է լինի Արիանայի հանդեպ»,- ասաց մայրիկը:

Լուսինեն միշտ շեշտում է, որ ընտանիքն առաջնային և երջանիկ է ընտանեկան կյանքում, սակայն դա չի բացառում աշխատանքը: Մոդելը շուտով կվերադառնա նաև աշխատանքային կյանքին: «Բարի լույսի» հեռուստադիտողները նրան եթերում կտեսնեն հոկտեմբերից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով