Մամուլ

Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. ոստիկանությունը վարորդին կրկնօրինակը կտրամադրի` 12 հազար դրամի դիմաց

Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. ոստիկանությունը վարորդին կրկնօրինակը կտրամադրի` 12 հազար դրամի դիմաց

Հայաստանում գողության նոր տեսակ է հայտնվել, որը շուտով անիմաստ կդառնա։ Այսօր կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշները և, սեփականատերերից դրամ շորթելով, վերադարձնում»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ վերջին շրջանում նման գողություններով զբաղվող մի քանի խմբեր բացահայտել ու ձերբակալվել են, բայց դրանով հարցը չի լուծվել։

Նա նաև նշեց, որ հարցը վերջնական լուծելու կամ այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կառավարությունը որոշել է հարցին օրենսդրական կարգավորում տալ։

Ճանապարհային ոստիկանություն

Եթե գործող օրենսդրության համաձայն` ավտոմեքենայի պետհամարանիշի գողության դեպքում սեփականատիրոջը կրկնօրինակի տրամադրում չէր նախատեսվում, ապա նոր կարգավորմամբ ոստիկանությունն առաջարկում է յուրաքանչյուր անգամ այն փոխարինել նորով` համարանիշի անկյունում նշելով դրա հերթական համարը, թե որերորդ անգամ է տրվել տվյալ համարանիշը։

Փաշինյանի խոսքով` այդ պարագայում ոչ թե քաղաքացին ստիպված կլինի համարանիշի համար մեծ փրկագին վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը:

Կիսվել նյութով