Մամուլ

Կրակոցներ Ջրվեժում գործող «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ

Կրակոցներ Ջրվեժում գործող «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:

Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող  «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն  է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայությաւն Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ դեպքի վայրը Կոտայքի մարզի վարչական տարածքում է, ինչից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Ալբերտ Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Օհան Հարությունյանը, մինչև որ ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Ռուբեն Դավթյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Ս. Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց վրա, ովքեր ստացել են վնասվածքներ:

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել էջում