Մամուլ

Կրակոցներ Արմավիրի մարզում․ Տարոնիկի նախկին գյուղապետը կրակոցներ է արձակել վարչական շրջանի ղեկավարի ուղղությամբ

Կրակոցներ Արմավիրի մարզում․ Տարոնիկի նախկին գյուղապետը կրակոցներ է արձակել վարչական շրջանի ղեկավարի ուղղությամբ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Պտղունք գյուղի վարչական տարածքում գտնվող «Կեչուտ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։

Ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Խլղաթյանը իր մոտ գտնվող որսորդական հրացանին նմանվող հրազենով կրակոցներ է արձակել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 37-ամյա Արթուր Կարապետյանի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

krakocner

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կարապետյանը Տարոնիկ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն է, նրա հետ էլ ավտոմեքնայում եղել է համագյուղացի՝ 35-ամյա Քերոբ Մուրադյանը։

Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար՝ տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայի տարբեր հատվածներ վնասվել են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Խլղաթյանին, ով այնուհետև ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Բայկալ» տեսակի ողորկափող հրացանը։ Նա հայտնել է, որ հրացանը պատկանում է իրեն և ինքն է կրակել։

Վերջինս ոստիկանության Վաղարշապտի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ա․ Խլղաթյանը Տարոնիկի նախկին գյուղապետն է։

Կիսվել նյութով