Մամուլ

Կրակոցներ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է

Կրակոցներ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության ՄՍԴՈւՀԴՊՎ պետ Վահե Մուշեղյանը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

krakocner

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Կիսվել էջում