Մամուլ

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում` պատճառը եղել է ավտովթարը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Դեպքի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Դավթյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, ինչպես նաև կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտաբերելու ուղղությամբ։

Կիսվել էջում