Մամուլ

Կրակել են «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի վրա

Կրակել են «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։

krakocner yerevan

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. և Վ. Մաթևոսյաններին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։

Կիսվել նյութով