Մամուլ

«Կնոջ անունը պետք է դնեն 18 տարեկանում, նայում ես՝ անունը Քնքուշ է, ինքը դինոզավր է». Գևորգ Պետրոսյան

Կնոջ անունը պետք է դնեն 18 տարեկանում, նայում ես՝ անունը Քնքուշ է, ինքը դինոզավր է։ Մարդը կին է ծնվել, իրան տղամարդու տեղ է դրել, սրանց ամուսնության արգելք չկա։ Այսպես ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավորներին փորձում էր համոզել, որ ընդունեն իր նախագիծը, որով «Ընտանեկան օրենսգրքում» ամրագրվում է՝ նույնասեռականների, սեռափոխված անձանց ամուսնությունն արգելվում է:

Վերջիններս հակափաստարկ էին ներկայացնում այն, որ Սահմանադրության մեջ արդեն նշված է՝ ընտանիքը կնոջ եւ տղամարդու միությունն է: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց իր կարծիքը.

«Շատ դեպքերում բնությունը շատ դաժան երեւույթ է, մարդը ծնվում է երկու սեռերի հատկանիշներով: Եվ այդ մարդն ինքն իր կամքով չի ընտրել այդ ուղին: Լինում են դեպքեր, երբ անձի որոշումից չի կախված, անատոմիկ ինչ-որ բաների հետ է կապված սեռափոխության անհրաժեշտությունը: Հետո, եթե մարդը կին է, կողքն էլ տղամարդն է, չգրանցե՞ն ամուսնությունը, հիմա կին է, եկել է, ասում է՝ ծննդյան վկայականը չունեմ, … չունեմ, կին եմ, ի՞նչ եք ուզում ինձանից»: Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց՝ «էդ մարդը, որ ասում է կին եմ, պիտի մի հատ դրա արտաքինին նայեն»:

Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Մի դասախոս ունեինք, անունը Պետրոսյան Գեւորգ էր, (նկատի ունի հենց ԲՀԿ պատգամավորին) նա ասում էր՝ աղջիկը պետք է 18 տարեկան հասնի, նոր անունը դնեն, թե չէ մարդ կա՝ անունը դնում են Գեղեցիկ, նայում ես՝ ընդհանրապես գեղեցիկ չէ»:

Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ես հիմա էլ եմ էդ կարծիքը պնդում, կնոջ անունը պետք է դնեն 18 տարեկանում, նայում ես՝ անունը Քնքուշ է, ինքը դինոզավր է»:

Գեւորգ Պետրոսյանը դժգոհում էր, որ նույնասեռականները, տրանսգենդերները հատկապես այս օրերին ակտիվացել են, Հանրապետության հրապարակում իրենց «լավ են զգում», մի բան էլ հայտարարում են, թե հեղափոխությունն իրենք են արել: «Իմ քայլական» Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ հեղափոխությունը, այո՛, արել են նաեւ իրենք ու որեւէ քաղաքական ուժ, երբ քաղաքացիներից քվե է խնդրում ընտրվելու համար, չի ասում՝ ինձ ձայն թող տան միայն հետերոսեքսուալները, պետք է անկեղծ լինեն:

Հանձնաժողովը Գեւորգ Պետրոսյանի նախագիծը մերժեց, այսինքն, այն դրական եզրակացություն չստացավ: Բացասական եզրակացություն ստացավ նաեւ Գեւորգ Պետրոսյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում էր արգելել նույնասեռականներին, սեռափոխված անձանց երեխա որդեգրել:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել էջում