ՄամուլՔաղաքականություն

Ես արդեն ազատ մարդ եմ՝ եթե ուզենամ քաղաքականությամբ զբաղվել, կզբաղվեմ․ Արթուր Վանեցյան

Հրապարակը գրում է․ Ես արդեն ազատ մարդ եմ՝ եթե ուզենամ քաղաքականությամբ զբաղվել, կզբաղվեմ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ պատասխանել էր մեր հարցերին՝ կապված «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի այն հայտարարության հետ, թե Վանեցյանը շատ բան գիտի ՊՊԾ գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։

«Բացի նրանից, որ Վարուժան Ավետիսյանն ասում է, թե Վանեցյանը շատ բան գիտի այդ դեպքի վերաբերյալ, նա նաեւ նշում է, որ «մայոր» ներկայացողը եւ իրենց հետ կապ պահպանողը եղել եմ իբր ես։ Դա անպատասխանատու հայտարարություն է, որովհետեւ ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ կապ է պահպանել, ավելին՝ այդ ժամանակ ես ունեցել եմ փոխգնդապետի զինվորական կոչում, իսկ այդ անձը, ով իրենց հետ ռադիոկապով տարել է բանակցությունները եւ կապ է պահպանել, եղել է ԱԱԾ այլ աշխատակից, որը կա, եւ եթե կարիք կա, պետք է դիմել ԱԱԾ, եւ եթե ԱԱԾ-ն նպատակահարմար կգտնի եւ կբացահայտի այդ անձի ինքնությունը, ուրեմն բոլորը կիմանան, թե ով է այդ անձը։

Ես շատ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ես չեմ եղել ռադիոկապով կապ պահպանող այդ անձը, որին իրենք դիմում էին «պարոն մայոր»-ով»,- մեզ հետ զրույցում ասել էր Արթուր Վանեցյանը։

Առիթն օգտագործելով՝ Վանեցյանին մի քանի հարց եւս ուղղեցինք այլ թեմաներով, քանզի նա շարունակում է հետաքրքրել հանրությանը ե՛ւ որպես հեղափոխությունից հետո բարձր պաշտոն զբաղեցրած, ե՛ւ հետագայում առեղծվածային պայմաններում հրաժարական տված անձ, ե՛ւ որպես մարդ, որը կարող է քաղաքական դաշտ մտնել եւ ընդդիմություն դառնալ Նիկոլ Փաշինյանին, ում հեռանալիս հորդորեց «կանգ առնել»։

– Պարոն Վանեցյան, հրաժարականից հետո ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ պլաններ ունեք, պարբերաբար խոսվում է, թե պետք է մտնեք քաղաքական դաշտ, կասե՞ք՝ քաղաքական հավակնություններ ունե՞ք, թե՞ ոչ։

– Գիտե՞ք՝ շուրջ 21 տարի ծառայել եմ ազգային անվտանգության մարմիններում, դա բավականին դժվար աշխատանք է, եւ, օգտվելով առիթից, իմ հրաժարականից հետո փորձում եմ որոշ ժամանակ հանգստանալ, շփվել ընտանիքիս անդամների հետ, ընկերներիս հետ, շրջագայում եմ շատ։ Բայց դա չի նշանակում, որ ես որեւէ գործունեությամբ չեմ զբաղվելու։ Ներկա փուլում ես մտածում եմ, թե ինչով եմ զբաղվելու, եւ առաջիկայում անպայման կհայտարարեմ իմ զբաղմունքի մասին։

– Դա կլինի քաղաքակա՞ն բնույթի զբաղմունք։

– Ես արդեն ազատ մարդ եմ եւ եթե ուզենամ քաղաքականությամբ զբաղվել, կհայտարարեմ եւ կզբաղվեմ, եթե ուզենամ այլ գործունեությամբ զբաղվել, նույնպես կհայտարարեմ եւ կզբաղվեմ։ Եկեք էս հարցը թողնենք էսպես օդում կախված վիճակում․․․

– Օդում կախված վիճակը հաճախ նաեւ օդում կախված լուրերի տեղիք է տալիս։

– Դե, հիմա, Հայաստանում դա շատ ընդունված է՝ օդում կախված լուրերը սարքել իրականություն եւ դրա շուրջ կառուցել ինչ-որ մի բան․․․

– Օդում կախված կամ գուցե հավաստի լուրեր են նաեւ պտտվում, թե իշխանությունները, թերեւս նաեւ Ձեր՝ քաղաքականություն մտնելու հետ կապված, անհանգստություն ունեն եւ Ձեր դեմ կոմպրոմատներ են հավաքում, անգամ լուրեր շրջանառվեցին, որ շուտով Ձեզ նստեցնելու են։ Այդ դեպքում, պատկերավոր ասած՝ կհայտնվեք այն անձանց կողքին, որոնք նստել են գուցե նաեւ Ձեր «թեթեւ ձեռքով»։

– Նախ եկեք մի բան ֆիքսենք, որ իմ պաշտոնավարման ընթացքում որեւէ անձ չի ձերբակալվել, կալանավորվել կամ քրեական հետապնդման ենթարկվել օրենքի խախտումով։ Չի եղել մեկ անձ, որին քրեական հետապնդման է ենթարկել ԱԱԾ-ն իր հայացքների համար։ Չի եղել մեկ քրեական գործ կամ նյութերի նախապատրաստման շրջան, որի ընթացքում մենք ստացել ենք բողոքներ, բացառությամբ, երեւի թե, միայն Դավիթ Սանասարյանի գործը, որը մինչեւ հիմա ինքը պնդում է, որ շինծու է։ Բայց արդեն գործը մտել է դատական փուլ, եւ բոլորը տեսնում են թե՛ գործի էությունը, թե՛ գործի բովանդակությունը, եւ գնահատականը հանրությունը կտա։

Իսկ իմ մասով ես որեւէ խախտում չեմ իրականացրել, որեւէ կոռուպցիոն համաձայնության մեջ ինձ մեղադրելն ուղղակի ծիծաղելի է։ Ես ինչ արել եմ, արել եմ հնարավորինս հրապարակային, որի համար որոշ շրջանակներ նաեւ վատ են ընդունել, որ ԱԱԾ տնօրենը հրապարակային է գործում։ Բայց ես կարծել եմ, որ հետհեղափոխական շրջանում պետական բոլոր կառույցները պետք է հնարավորինս հաշվետու լինեն ժողովրդին։ Եվ դա է եղել պատճառը, որ իմ աշխատանքը եղել է այդքան հրապարակային, ինչի արդյունքում ես մեկուկես տարվա մեջ կարողացել եմ վերականգնել ԱԱԾ բարձր համբավը եւ ժողովրդին ցույց տալ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ծառայում է ոչ թե այս կամ այն անձին եւ իշխանությանը, այլ ծառայում է ժողովրդին։

– Այդուհանդերձ, խնդրում եմ ասեք՝ հիմա Ձեր դեմ չկա՞ն կոմպրոմատներ, կամ չկա՞ վտանգ, որ Ձեզ եւս կձերբակալեն։

– Գիտե՞ք, եթե լինեին իմ հանդեպ ինչ-որ հստակ նյութեր, ապացույցներ, կամ ես կատարած լինեի ինչ-որ մի հանցանք, հավատացած եմ, որ արդեն իսկ իմ հանդեպ կհարուցվեր քրեական գործ, եւ ես կձերբակալվեի։

– Ի վերջո, Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսներ կան, Ձեր հայրը բիզնեսով է զբաղվում, նաեւ նախկինների հետ եք որոշակի առնչություն ունեցել․․․

– Նախկինների հետ առնչություն ունեցել են Հայաստանի Հանրապետությունում բոլորը, որովհետեւ սա փոքր հանրապետություն է, եւ եթե մարդ եղել է մի քիչ ակտիվ, շփվել է մարդկանց հետ, շփվել է բոլորի հետ․․․ Դա չի նշանակում, որ նախկինների հետ շփումները քրեորեն պատժելի են։ Այո, ճանաչել եմ շատ-շատ մարդկանց։ Առաջին դեմքերին չեմ ճանաչել, իհարկե, նախկիններից, բայց խոսել նախկինների հետ իմ կապի մասին, չգիտեմ․․․ Ինչ վերաբերում է բիզնեսներին, ապա ես բիզնես չունեմ, ես դա իմ նշանակումից հետո եմ ասել։ Էն տնտեսական գործունեությունը, որը ծավալում է իմ հայրը, ես դրա մասին խոսել եմ, որ հայրս Խորհրդային Միության փլուզումից հետո երբեւիցե պետական պաշտոն չի զբաղեցրել եւ զբաղվել է բիզնեսով։ Եվ էդ բիզնեսները պետական ռեգիստրում գրանցված են հորս անունով, եւ դա գաղտնիք չէ։

– Ձեր հրաժարականն անցնցում չանցավ, Դուք ասացիք բաներ, որոնք հանրության մոտ փակագծեր բացելու անհրաժեշտություն առաջացրին։ Ե՞րբ եք, ի վերջո, պարզաբանելու՝ ինչո՞ւ էիք ասում կանգ առեք, ի՞նչ վտանգներ եք տեսնում եւ, ընդհանրապես, ինչո՞ւ որոշեցիք այդ ձեւով հեռանալ, ոչ թե, ասենք, Օսիպյանի նման՝ խաղաղ, լուռ։

– Եկեք, էլի, փակագծեր ես էս պահին չբացեմ, թող անցնի ժամանակ, ամեն ինչի մասին մանրամասն կխոսեմ։ Իմ հրաժարականի տեքստն ընթերցողը, գիտակից մարդը, համոզված եմ, հասկացել է, թե ես ինչ նկատի ունեի։

– Հիմա շփում չունե՞ք իշխանության բարձր ներկայացուցիչների հետ, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի։

– Ոչ, որեւէ շփում չունեմ, այն տպավորությունն է, որ խիստ արգելք է դրված ինձ հետ շփվելու, ես էլ, ճիշտն ասած, չեմ փորձում շփում հաստատել։

– Ձեր հրաժարականից հետո ակտիվացան խոսակցությունները, որ հնարավոր է՝ Ձեզ հեռացնեն նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Դուք կմնա՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում։

– Ասեմ․ եթե ես՝ ինքս, չուզենամ հրաժարական ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, որեւէ մեկը չի կարող ինձ ստիպել գնալ այդ քայլին, որովհետեւ կա հստակ կանոնակարգ, որով ես ընտրվել եմ ՀՖՖ նախագահ՝ 4 տարի ժամկետով, եւ մինչեւ իմ ժամկետի ավարտը ես կարող եմ մնալ եւ պաշտոնավարել։ Այս պահին ես նպատակ չունեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու, առավել եւս, եթե փորձեն իմ նկատմամբ ճնշումներ գործադրել, հավատացեք, ես էն մարդը չեմ, որ վախենամ ճնշումներից։ Ես շարունակելու եմ զբաղվել ֆուտբոլով։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով