Մամուլ

«Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահը պայքարի մեջ չէ, նա սովորականի պես իր աշխատանքն է անում։ Այս մասին այսօր՝ ասաց Հրայր Թովմասյանն ի պատասխան լրագրողի հարցին, թե մինչև վերջ պայքարելո՞ւ է ՍԴ նախագահի պաշտոնում մնալու համար. «Ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն։ Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը»:  

Իսկ թե ի վերջո ե՞րբ կհեռանա ՍԴ-ից, նա պատասխանեց. «Երբ որ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ որ իրավական առումով այդ ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:

Հարցին, թե արդյոք իր նկատմամբ ճնշումներ կան իշխանության կողմից, ՍԴ նախագահը պատասխանեց. «Նայո՞ւմ եք, հետեւո՞ւմ եք, սոցցանցերին, ասվածներին, եթե հետևում եք, ինքներդ հետևություն արեք, կա՞ն, թե՞ չկան»: 

Վերջերս Մոսկվա գնալու նպատակի վերաբերյալ Թովմասյանը նշեց, որ այն եղել է անձնական. «Կարող եմ մի փոքր էլ գաղտնիք բացել, կապված էր տղայիս սպորտային առողջության հետ, ինքը ուներ սպորտային տրավմա»:

Անդրադառնալով  թերի հայտարարգրված ունեցվածքի վերաբերյալ հրապարակումներին՝ ՍԴ նախագահը ասաց, որ ինչ ունի, հայտարարագրված է.

«Իմ կնոջ քույրը, իմ կնոջ եղբայրը, իմ հորեղբայրը, իմ քեռու տղաները այն ժամանակահատվածում թե՛ Հայաստանում և թե՛ Հաից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ես տարածաշրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, ինձ բավարար է, եթե հետևեք իմ հայտարարագրերին, կտեսնեք, որ հանրային ծառայող դառնալուց հետո իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ, հայրական տունը չհաշված, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել է և գնվել է մեկ բնակարան»:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրուցել է մինչ ՍԴ որոշումը։ Նա ասել է, որ արձակուրդ է վերցրել, որպեսզի գործը անաչառ քննվի․ «Այո, Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը, նստել, ոչինչ չասել չէր ստացվի․ ինչ-որ բան ասել, եթե քեզ է վերաբերում, ապա ևս խնդիր է, իսկ ՍԴ-ն չունի ընթացակարգ, որ այս նիստին չմասնակցեի: Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»: Իսկ թե ինչու է այցելել ՍԴ, ասաց՝ որոշ թղթեր կային այլ նիստերի առնչվող։

Նա նշել է նաեւ, որ եթե ԱԺ դիմումն ընդունվի ՍԴ վարույթ, ավտոմատ կկասեցվեն իր  լիազորությունները, բայց նաեւ ընդգծել է, որ դա դեռ չի նշանակում՝ ինչ է լինելու․ «Մի բան կարող եմ խոստանալ, եթե ընդունվեց վարույթ, ապա իմ աշխատավարձը պահպանվելու է, ես այդ աշխատավարձը որեւէ հիմնադրամի կփոխանցեմ, որովհետեւ չեմ աշխատելու այդ ընթացքում»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: 

Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում