Մամուլ

Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ

Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ

Զինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Նշենք, որ հայտնի են հրդեհից մահացած 8 զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց, զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։

Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետեւանքով, եւ նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով  /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կիսվել նյութով