ԺամանցՇոու-բիզնես

«Կարծում եմ՝ լավ սկեսուր եմ և լավ զոքանչ». Նառա

«Կարծում եմ՝ լավ սկեսուր եմ և լավ զոքանչ». Նառա

Նառան հայկական շոու բիզնեսի ամենակենսուրախ եւ էլեգանտ երգչուհիներից է։ Դժվար է պատկերացնել, որ այսչափ կանացի կինը արդեն երեք թոռնիկների տատիկ է։ BRAVO.am-ը հանդիպել է երգչուհուն ու դստերը՝ Էլեոնորային, լուսանկարել եւ հետաքրքիր զրույց ունեցել:

– Նառա, օրեր առաջ եք վերադարձել ճանապարհորդությունից, ինչպե՞ս անցավ։
– Մեր ընկերների փոքր շրջանակով որոշեցինք մեր ամուսիններին անակնկալ մատուցել եւ փետրվարի 23-ը դրսում անցկացնել: Լավ ժամանց էր: Հիմա արդեն իրենց հերթն է։

երգիչ Նառա

– Տարիների հետ ավելի եք երիտասարդանում, գեղեցկանում։ Ինչպե՞ս է հաջողվում երիտասարդ մնալ։
-Ես հոգով առհասարակ չեմ ծերանում եւ իմ տարիքը չեմ զգում։ Եվ կարծում եմ՝ մարդկանց ծերացնում է տարիքի զգացումը եւ այն հանգամանքը, որ անձը փորձում է համապատասխանել իր տարիքին։ Ես փորձում եմ համապատասխանել ոչ թե տարիքիս, այլ այն ամենին, ինչ իմ մեջ կա։

– Նառա, ինչպե՞ս եք նշում կանանց միամսյակ ասվածը։
– Յուրաքանչյուր տոն սիրում եմ, իսկ եթե տոն չկա, սիրում եմ տոն ստեղծել։ Ընկերուհիներով, ընկերներով եւ ընտանիքներով նշում ենք, ոչ միայն մեկ օր, այլեւ երբեմն մի քանի օր շարունակ։ Այս տարի սկսել ենք մարտի 6-ից։

– Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։
– Շատ կանացի, ինչը ներառում է լինել բարի, հոգատար ընտանիքի եւ առհասարակ մարդկության հանդեպ, լինի խնամված։ Կնոջից միշտ պետք է սեր բխի։

nara1

-Էլեոնորա, ինչպիսի՞ն է Նառան՝ որպես մայր։
-Պետք է ասեմ, որ մայրիկն իր տեսակով անչափ ակտիվ է, կյանքով լեցուն, պայծառ, հասցնում է ամեն բան եւ հենց այս հատկանիշներն են, որ իրեն մշտապես երիտասարդացնում են։

-Նառա, իսկ ինչպիսի՞ զոքանչ եք եւ սկեսուր։
-Կարծում եմ՝ ե՛ւ լավ սկեսուր եմ, ե՛ւ լավ զոքանչ, քանի որ ես իրենց ընտանեկան գործերի մեջ չեմ խառնվում, անչափ սիրում եմ երեխաներիս եւ նրանց կողակիցներին, եւ այս սերը վստահաբար կարող եմ ասել՝ փոխադարձ է։ Իրենք ունեն իրենց կյանքը, ես՝ իմը, թե՛ հարսիս, թե՛ փեսայիս հետ ջերմ ընկերային հարաբերությունների մեջ ենք։

Էլեոնորա. Այո՛, թե հարսիկի, եւ թե ամուսնուս հետ հիանալի հարաբերությունների մեջ է մայրիկը։ Շատ հասնող է բոլոր հարցերում, միայն ու միայն օգնում է, իսկ որպես այդպիսին՝ ընտանեկան ոչ մի հարցում չի խառնվում։

nara

-Իսկ որպես տատի՞կ։
Էլեոնորա. Կարող եմ ասել՝ հիանալի տատիկ է, երբեմն ապշում եմ թոռնիկների հանդեպ տածած այդ սիրուց։ Նա կարող է ժամերով խաղալ թոռների հետ եւ ոչինչ հաշվի չառնել, խաղում է հաճույքով։ Սիրում է իր բոլոր թոռնիկներին եւ շատ երես է տալիս։

– Փիլիսոփաներից մեկն ասել է՝ կինը տղամարդու մեծագույն դաստիարակչուհին է: Համամի՞տ եք։
-Մասամբ՝ այո, քանի որ կնոջից շատ բան է կախված, նա պետք է լինի մեղմ, խորամանկ, կառավարի անտեսանելի ձեւով։ Տան կրակը պահողը միշտ էլ կինն է։

– Նառա, յուրաքանչյուրի կյանքում լինում են խնդիրներ, սխալներ: Այդ ամենից դարձել եք ուժեղ, կոտրվել եք, սովորել եք…
-Եթե չլինեն այդ սխալները, դու չես սովորի, չես դառնա իմաստուն: Ի վեջո ասում են, չէ՞, պառավն իմաստուն չի ծնվում, իմաստուն դառնում է։ Դժվարությունն ուժ է տալիս, սովորեցնում է, որ հետագայում այդ սխալը նորից չկրկնես: Սխալները մարդուն նաեւ կոփում են։

-Ի՞նչ սկզբունքներով եք մեծացրել ձեր երկու երեխաներին։
– Իհարկե, որ լինեն բարի, ազնիվ, աշխատասեր, խելացի, օժտված լինեն մարդկային բարձր հատկանիշներով։ Կարծում եմ՝ մարդու կյանքում կարեւոր են ազնվությունը, խելացիությունը, բարությունը, չէ՞ որ այս ամենի առկայության դեպքում մնացածին հասնելն ավելի հեշտ է լինում։

Էլեոնորա. Ասեմ, որ առաջին հերթին մեզ համար եղել է հիանալի ընկեր։ Նա մշտապես մեզ դաստիարակել է մեկ կարեւոր սկզբունքով՝ կյանքում միշտ լինել ազնիվ։

Կիսվել նյութով