Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում․ 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը․ վիրավորին ծայրահեղ ծանր տեղափոխել են «Աստղիկ ԲԿ»

Խոշոր ավտովթար Երևանում․ 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը․ վիրավորին ծայրահեղ ծանր տեղափոխել են «Աստղիկ ԲԿ»

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Յուրիկ Գ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին մեկ այլ դեպքի վայրից վերադարձող հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել էջում