Լիլիթ Կարապետյանը՝ նոր տեսահոլովակում իր կերպարի ու մոր խնդրանքի մասին (Photo)
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը շուտով լսարանին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Նրա խոսքով` «Քեզ մոտ եկա» երգը դեռ մեկ տարի առաջ պետք է պատրաստ լիներ, սակայն աշխատանքներն անընդհատ հետաձգվել են:
Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմելց, որ այս անգամ ևս համագործակցել է Ռիչարդ Մադլենյանի հետ, որը երգի երաժշտության հեղինակն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը: Վերջինս նաև տեսահոլովակի ռեժիսորն է:
«Սա իմ առաջին համագործակցությունն է Նիկի հետ և վստահ եմ, որ շարունակական կլինի: Ճիշտն ասած, այս երգն ու տեսահոլովակը վաղուց պիտի լիներ, բայց մասնագետը, որի հետ պիտի սարքեինք երգը, անընդհատ ձգձգում էր ընթացքը: Ես տեսակով այնպիսին եմ, որ մեկի հետ սկսում եմ աշխատել, կապվում եմ իրեն, բայց մտածեցի՝ ինչո՞ւ եմ ինձ տանջում, սթրեսի ենթարկում և այդպես վիրավորված որոշեցի դիմել Նիկին գործիքավորման համար։ Շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատեցինք: Կարծում եմ` շատ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել»,– ասաց երգչուհին։
Տեսահոլովակում երգչուհու և պարուհիների կերպարների հեղինակը ոճաբան Արայիկ Գաբաջյանն է: Լիլիթը նկատեց, որ նոր աշխատանքը փոքր-ինչ տարբերվում է իր նախորդ երգերից, բայց լսարանն իրեն նորովի չի բացահայտի:
«Այս տեսահոլովակում ես պարում եմ, ինչպես իմ նախորդ տեսահոլովակներում: Ծովինար Ջիլավյանն ինձ համար բավականին բարդ, արհեստավարժ պարողին բնորոշ պար էր բեմադրել և վստահեցնում էր, որ ես կարող եմ դա սովորել։ Սակայն նախապատրաստվելու ժամանակը շատ կարճ էր, նախընտրեցի ավելի թեթև պարային բեմադրություն լինի, որպեսզի աշխատանքը թերի չստացվի»,-ասաց Լիլիթը:
Երգչուհին նշեց, որ նպատակ ունի տարվա ընթացքում իր լսարանին ներկայանալ մեղեդային, հուզական մի երգով, որի շնորհիվ շատերը կվերհիշեն 90-ականների Լիլիթ Կարապետյանին:
«Ամեն հարցի հետ կապված պարտադիր լսում եմ մայրիկիս կարծիքը։ Օրերս խոսում էինք, ասաց՝ թող այս երգերդ լինեն, բայց երազում եմ, որ սրտից բխող, սրտաճմլիկ, սիրուն երգ ունենաս: Նա նկատեց, որ եղբորս մահնվանից հետո չեմ ունեցել այնպիսի երգեր, ինչիպիսիք էին «Տանգոն», «Կարապի սերը»։ Եղբայրս ինձ համար ամեն ինչ կարողանում էր անել` թե՛ սիրային, մելամաղձոտ երգեր»,-եզրափակեց երգչուհին: