Մամուլ

Լարված իրավիճակ Եղիպատրուշ գյուղում. գյուղացիներն խոսքով՝ Քեթրինի Միհրանն ու նախարարը վարչապետին խաբել են՝ գյուղը կանգնած է դատարկման եզրին

Լարված իրավիճակ Եղիպատրուշ գյուղում. գյուղացիներն խոսքով՝ Քեթրինի Միհրանն ու նախարարը վարչապետին խաբել են՝ գյուղը կանգնած է դատարկման եզրին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչները, ովքեր պահանջում են, որպեսզի կառավարությունը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հստակ պատասխանեն, թե ինչի համար, ինչ-որ մեծահարուստի ագահության պատճառով գյուղը հայտնվելու է դատարկման եզրին։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն իրենց վրդովմունքն ու զայրույթն էին հայտնում՝ ասելով. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Երևանում «Երազ» թաղամաս կառուցող Հարությունյանների ընտանքիի անդամները ասես անգիր արած լինեն մեծն լոռեցի Թումանյանի «Չարի վերջը», էն, որ ասում է «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։

Էդ Հարությունյանները երևի առաջնորդվում են «ախորժակն ուտելիս է բացվում» սկզբունքով։ Մենք վստահ ենք, որ թե նրանք, թե նախարար Վ. Քերոբյանը վարչապետ Ն. Փաշինյանին սխալ տեղեկություններ են փոխանցում, իրականությունը չեն ներկայացնում, ամբողջությամբ խեղաթյուրում են փաստերը, երևի դրա համար էլ վարչապետը, ով մեր գյուղում խոստացել էր, որ խնդիրը կուսումնասիրվի, ու գյուղացին չի տուժի, լրիվ սին դուրս եկավ։

exipatrush

Չգիտես՝ ինչու, գյուղի բնակչության մեծ մասի՝ դարերով մշակված հողերը ճանաչել են գերակա շահ մի կառույցի համար, որի ճանապարհները հեռու են 1-2 կիլոմետր։

Ասում են՝ գյուղացին, եթե չլինի, քաղաքացին չի կարող որակյալ գյուղմթերքներ ունենա, բա հիմա ի՞նչ է անցել ձեր մտքով, որ մի ամբողջ գյուղ տանում եք դատարկման, ինչ-որ հարուստներ խլում են մեզանից մեր քրտինքով պահած հողը։

Կառավարությանը ներկայացրել են, թե այդ բոլոր հողատարածքները բերրի չի։ Ձեզ համար բերրի չի, հարգելի կառավարության չինովնիկներ, դուք ի՞նչ եք հասկանում հողից, դուք հողի արժեքը չգիտեք ու հիմա մի ամբողջ գյուղի դատարանների դռներն եք քարշ տալիս, թե ինչ ա, որ ինչ-որ Քեթրինի Միհրան, ում կոռուպցիոն հանցագործությունների մեջ եք մեղադրում, ով գտնվում է հետախուզման մեջ, իր ազգականների միջոցով սպանում է մի ամբողջ գյուղ։

Էդ, որ ասում եք՝ ոչ բերրի հողեր, էդ ինչի՞ց եք եզրակացրել, մի օր էկեք գյուղ, սեփական աչքերով կտեսնեք, որ ձեր կարծիքը սուտ ա, որ լավ էլ մշակված հողեր են, որոնք ձեռք են բերվել օրինական ճանապարհով, որ, կանոնավոր կատարվել են վճարումները, իսկ հիմա եսիմ ինչ օտարալեզու ընկերությունը բառիս բուն իմաստով գյուղացիներից խլում է հողը «գերակա շահ» անվան տակ, ու դրա թույլտվությունը տվել է կառավարությունը, որի «կնքահայրը» բազմաթիվ «կիկսեր» դուրս տվող էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանն է։ 

Ողջ գյուղով որոշել ենք վարչապետ Ն. Փաշինյանի նման փակենք ճանապարհը։ Էդ, որ վարչապետն ասում է՝ 3 մլն վարչապետ, բա չի՞ մտածում, որ էդ 3 մլն վարչապետների մի մասն էլ Եղիպատրուշի բնակիչներս ենք։

Հիմա ի՞նչ, հեղափոխության օրերին հավատացինք ու միացանք ձեզ, հարգելի վարչապետ, որ քո կաբինետի նախարարը սև օրը քցի՞ մեզ։ Հարամ լինի էն հեղափոխությունը, որ պետք է սենց լիներ։

Ամոթ է, մի քիչ գոնե հիմա մտածեք ժողովրդի մասին, գյուղի մասին, հակառակ դեպքում կարող ենք վստահ ասել, որ ձեր ասած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սուտ էր։

Եթե նախորդները այլ բաներում էին աչքի ընկնում, բայց գոնե գյուղացուց հող չէին խլում, հիմա ինչպե՞ս հասկանանք՝ ով է գյուղը դատարկում. նախկիննե՞րը, թե՞ ներկաները, ու ինչպե՞ս հասկանանք, որ գյուղի մեծ մասի հողերը ճանաչվում են գերակա շահ, իսկ Քեթրինի Միհրանի, նրա ազգականների տասնյակ հողերը, որ երբևէ չի մշակվել, չեն ճանաչում գերակա շահ, ու մեր քրտինքով մշակված հողերը պետությունը սկուտեղի վրա դրած հանձնում է Քեթրինի Միհրանին  ու նրա ազգականներին։ 

Եթե այս հարցը դրական լուծում չստանա, էլ կորցնելու բան չունենք. դիմելու ենք անհնազանդության միջոցների, այդ թվում՝ ընտանիքներով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի գլխավոր մայրուղին փակելու ենք»։

Կիսվել նյութով