Մամուլ

«Իշխանությունների ցանկությունը՝ լռեցնել այլ կարծիքը, շարունակում է մնալ օրակարգում». Զարուհի Փոստանջյան

«Իշխանությունների ցանկությունը՝ լռեցնել այլ կարծիքը, շարունակում է մնալ օրակարգում»: Այս մասին հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ասաց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

«Այդ երիտասարդները թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարք, իրենց գործողությունները պարունակում են հանցակազմեր՝ նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ խուլիգանություն, լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելը և խտրական վերաբերմունք: Նրանց միանգամից պետք է ներգրավեին որպես մեղադրյալ» ,- ասեց Փոստանջյանը:

Փաստաբանը նկատեց, որ ինքը չի բացառում, որ երիտասարդներն իշխանության կողմից ուղղորդված են գործել: Որպես դրա վկայություն, նա ցույց տվեց լուսանկարներ: Դրանցից մեկում 4 երիտասարդներից մեկը ողջագուրվում է ՀՀ վարչապետի հետ, մյուսում՝ ակտիվ մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, երրորդում էլ՝ հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ:

Զ. Փոտանջյանն ասաց, որ իր պաշտպանյալի հանդեպ նաև սպառնալիքներ են հնչել՝ առ այն, որ նա լրագրողի գործունեություն չծավալի, ավելին՝ մեկնի Հայաստանից: Նա հայտարարեց, որ ակնհայտ է, որ կապ կա Ա. Թովմասյանի գործի և նրա՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը լինելու հանգամանքի միջև:

Կիսվել էջում