Մամուլ

Ինչո՞ւ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ. Լապշինը ներկայացրել է Իսրայելի օրինակը

Ինչո՞ւ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ. Լապշինը ներկայացրել է Իսրայելի օրինակը

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վրդովմունք հայտնելով, որ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ:

«Որքան շատ եմ Հայաստանում այցելում վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքների անդամներին, այնքան շատ եմ զարմանում. իսկ ինչու՞ այդ զինվորներից ոչ մեկ կյանքի և առողջության ապահովագրություն չեն ունեցել: Դա պետք է լիներ պարտադիր՝ պետության հաշվին, որը զինվորների հիվանդանալու, վիրավորվելու կամ զոհվելու դեպքում կվճարեր նրանց ապահովագրական վճարները:

Եվ եթե տեղի ունենար դժբախտություն, ապա ապահովագրական ընկերությունը կփակեր բոլոր ծախսերը, այդ թվում՝ ընտանիքներին փոխհատուցում: Եվ կարիք չէր լինի ամբողջ աշխարհով գումար հավաքել սփյուռքից՝ կարիքավորներին, կերակրող կորցնողներին կամ այն ընտանիքներին օգնելու համար, որտեղ հայրը վիրավորվելու հետևանքով դարձել է հաշմանդամ: Խելամի՞տ է: Միանգամայն:

Երբ ես ծառայում էի իսրայելական բանակում, «լռելյայն» ապահովագրված էի և գիտեի, որ եթե ինձ հետ ինչ-որ դժբախտություն պատահի, իմ ընտանիքը խոշոր ապահովագրական վճարներ կստանա: Գումարը հստակ չեմ հիշում (դա մոտ 20 տարի առաջ էր), բայց մոտավոր 500 հազար դոլար էր զոհվելու, և մի փոքր պակաս՝ վիրավորվելու դեպքում:

israel zinvorakanner

Այսօր որքանով ինձ է հայտնի, այդ գումարը կրկնապատկվել է: Այդ ծախսերն ամբողջությամբ հոգում է կոմերցիոն ապահովագրական ընկերությունը, որը համապատասխան պայմանագիր ունի Պաշտպանության նախարարության հետ: Բոլոր անհրաժեշտ ծախսերը զոհվածի ընտանիքը ստանում է մասամբ պետությունից, մասամբ ապահովագրողից:

Եթե մտածում ես, ապա պետությանը շահավետ է ունենալ նման պայմանագիր ապահովագրական ընկերության հետ և վճարել 1-2 դոլար զինվորի ծառայության յուրաքանչյուր օրվա համար, քան հետո, աստված չանի, նրա մահվան դեպքում խուճապահար սկսի գումար փնտրել բյուջեում՝ նրա ընտանիքին փոխհատուցում վճարելու համար: Հենց այդ սխեմայով աշխատում են աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում:

Եվ ես չեմ կարող պատկերացնել իրավիճակ, երբ օրինակ Իսրայելում, ԱՄՆ-ում կամ թեկուզ Իսպանիայում դրամահավաք անցկացնեին զոհված զինվորի ընտանիքի օգնության կամ վիրավոր զինվորի փրոթեզավորման համար: Ընդհակառակը, բոլորը գիտեն, որ նրա ընտանիքը կապահովվի անհրաժեշտ ամեն ինչով, իսկ ինքը կստանա լավագույն բուժում:

Ավելին ասեմ, զոհերի և վիրավորների փոխհատուցումն այնքան մեծ է, որ պատահում են անգամ զինվոր-խաբեբաներ, որոնք իրենք իրենց վիրավորում են հասցնում, որպեսզի գումար ստանան պետությունից և ապահովագրական ընկերությունից: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է»,- գրել է Լապշինը:

Կիսվել նյութով