ԱշխարհՄամուլ

Ի՞նչ կփոխվի Հայաստանի համար ԱՄՆ-ում Բայդենի ընտրվելու դեպքում․ «Ժողովուրդ»

Ի՞նչ կփոխվի Հայաստանի համար ԱՄՆ-ում Բայդենի ընտրվելու դեպքում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱՄՆ-ը նախագահ է ընտրում։ Սպիտակ տանը առաջիկա չորս տարում տանտեր լինելու համար պայքարում են Հանրապետական կուսակցությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից՝ Ջոզեֆ Բայդենը։ Բացի այդ, ընտրվելու են նաև 35 սենատոր, 435 կոնգրեսական, 13 նահանգապետ, տարածքային և տեղական իշխանության ներկայացուցիչներ։

Բոլոր մասնագետները պնդում են՝ Բայդենը կհաղթի մեծ առավելությամբ։ Ներդրողների ու վերլուծաբանների կարծիքով՝ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կխստացնի վերաբերմունքը Անկարայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։

դոնալդ թրամփ

ԱՄՆ-ում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ արվել էին դեռ այն ժամանակ, երբ Անկարան, անտեսելով արևմտյան դաշնակիցների հորդորները, ձեռք բերեց ռուսական S-400 հրթիռային համակարգեր, ինչը, Վաշինգտոնի գնահատմամբ, սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգությանը։

Անցած շաբաթ առաջատար հանրապետական ու դեմոկրատական սենատորները կրկին կոչ արեցին Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ Թուրքիան առաջին անգամ փորձարկեց ռուսական հրթիռները՝ առաջացնելով Պենտագոնի ու Պետդեպարտամենտի վրդովմունքը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է սառնություն առաջանալ, եթե հաղթի Բայդենը։ Դեռ անցած դեկտեմբերին նա խոսել էր ավտոկրատ Էրդողանի հանդեպ նոր մոտեցում որդեգրելու օգտին՝ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ։

Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում