Մամուլ

Ի՞նչ է տեղի ունենում փոխարժեքների հետ. Տարադրամը կրկին էժանանում է

Ի՞նչ է տեղի ունենում փոխարժեքների հետ. Տարադրամը կրկին էժանանում է

168.am-ը գրում է․ Վերջին օրերին Հայաստանում տարադրամը դարձյալ սկսել է էժանանալ։ Նվազել են բոլոր հիմնական արժույթների, մասնավորապես՝ դոլարի, եվրոյի, ինչպես նաև ռուբլու փոխարժեքները։ Դրանք արժեզրկվել են։ Բայց արժեզրկվել են ոչ թե այն պատճառով, որ տարադրամի հոսքերն են ավելացել, այլ, որովհետև դրամն է ամրապնդվել։

Այլ հարց է, թե ինչո՞ւ է ամրապնդվել դրամը։ Թվում է, թե դրա համար բավարար հիմքեր չկան։

Առավել ևս, որ վերջին ամիսներին նկատվում է Հայաստան եկող տարադրամային հոսքերի կրճատում։

Նվազել են մասնավոր տրանսֆերտները։ Եկած գումարների մեծ մասն էլ ուղղված են հիմնականում արտաքին առևտրի կամ վերարտահանումների ֆինանսավորմանը։

Նվազել է նաև զբոսաշրջային հոսքը, որը հանդիսանում է Հայաստան տարադրամային միջոցների ներմուծման մյուս հիմնական ուղղություններից մեկը։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել, քան եկել էին անցած տարի։

Այս իրավիճակը վկայում է, որ արտաքին հատվածից տարադրամի ներհոսքի առումով փոխարժեքների վրա ճնշումը թուլացել է, սակայն տարադրամն արժեզրկվում է։

Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ տևական ժամանակ բարձրացնելուց հետո, Կենտրոնական բանկը, գուցե ոչ մեծ քայլերով, բայց պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Այլ կերպ, էժանացնում է փողը, ինչը տրամաբանորեն պիտի բերեր դրամի զանգվածի ավելացմանը՝ տնտեսության մեջ դրամային հոսքերի ակտիվացման միջոցով։

Սակայն, ինչպես տեսնում ենք, հակառակն է տեղի ունենում. Կենտրոնական բանկն այս փուլում իրականացնում է ընդլայնողական կամ պարզապես փողի էժանացման քաղաքականություն, իսկ դրամը թանկանում է։

Դրամի թանկացման պատճառները կարող են տարբեր լինել, բայց այն, ինչ տեղի է ունենում, նշանակում է, որ ավելացել է ազգային արժույթի պահանջարկը կամ պարզապես կրճատվել է առաջարկը։ Դրա պատճառով էլ խախտվել է շուկայի հավասարակշռությունը՝ հանգեցնելով հիմնական արժույթների նկատմամբ դրամի ամրապնդման։

Դրամի ամրապնդումը համընկնում է փողի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ։

Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ վերջին շրջանում փողի զանգվածը բավականաչափ կրճատվել է։

Եթե մարտի առաջին կեսին փողի բազան հասել էր ընդհուպ 1 տրիլիոն 672 մլրդ դրամի, ապա վերջին օրերին տատանվում է 1 տրիլիոն 604-605 միլիարդի սահմաններում, առանձին օրերին նույնիսկ ավելի ցածր է։

Կրճատվել է նաև կանխիկի շրջանառությունը։

Դրամի զանգվածի կրճատման վրա կարող էր ազդեցություն ունենալ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, երբ հարկերի հավաքման տեսքով, մի կողմից՝ տնտեսությունից փողը հանում են, մյուս կողմից՝ չեն կարողանում ծախսերի միջոցով ժամանակին վերադարձնել տնտեսություն, ու ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում տնտեսության համար, այլև նման տեղաշարժեր են առաջացնում փոխարժեքի շուկայում։

Հարկաբյուջետային աննորմալ քաղաքականությունը վերջին տարիների խրոնիկ դարձած հիվանդություններից է, որը ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսության մեջ փողի քանակի կրճատումն էլ, ըստ էության, բերել է տարադրամի նկատմամբ դրամի ամրապնդմանը։

Թե ինչո՞վ է այս պահին իշխանությունների համար նպատակահարմար դրամի ամրապնդումը, դժվար է ասել։ Նման նպատակահարմարություն կարող էր լինել, ասենք՝ արտաքին կամ ընդհանրապես տարադրամային պարտքի սպասարկումը։

Մնացած բոլոր առումներով դրամի ամրապնդման անհրաժեշտություն, առավել ևս՝ նպատակահարմարություն, ներկայումս չկա։

Կիսվել էջում