Մամուլ

Ժողովրդին ասեք մերկ ճշմարտությունը․ երկիրը պե՛տք է պատրաստել պատերազմի․ Արթուր Արմին

Մարտի 9-ին, Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։

2019 թվականի Մարտի 4-ին “ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ” շարժման նախաձեռնող խումբը ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային Ժողովին պաշտոնական նամակով առաջարկել է հրաժարվել Արցախյան հիմնահարցի լուծման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներից», քանի որ որևէ երրորդ կողմից Արցախի հետագա ենթակայության առաջարկի փութաջան սատարումը Ադրբեջանի կազմում ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի մի հատվածի հետագա ոչնչացման նախապայմանների ապահովում։

Մինսկի խմբի հայտարարությունն ըստ էության միակողմանի ուղերձ է հայկական կողմին, և Մինսկի խմբի կողմից “կառքը ձիուց առաջ դնելու” փորձը՝ հակաիրավակա՛ն է, քանի որ նախ պետք է Ադրբեջանի կողմից ճանաչվի արցախցիների ինքորոշման իրավունքով ձեռք բերված անկախությունը Ադրբեջանից (դե ֆակտո) և Հայաստանի հետ միացումը, որից հետո միայն հնարավոր է սահմանների հարցում բանակցություններ։ Այլապես ո՞ւմ հետ հետ և ինչի՞ համար է բանակցում Ադրբեջանական կողմը։

ՀՀ Կառավարությանն առաջարկվում է՝ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ասեք մերկ ճշմարտությունը։ Երկիրը պե՛տք է պատրաստել ՊԱՏԵՐԱԶՄԻ։ Հայաստանում որոշ  քաղաքական ուժերի կողմից Արցախի հարցն այսօր որպես երկու հակամարտող կողմերի տարածքային վեճ ներկայացնելը, և հայկական կողմի զիջումներով Ադրբեջանին կանգնեցնելը՝ զավեշտի ոլորտից է։ Ադրբեջանը պատմականորեն մի՛շտ է եղել նախահարձակ, որին միմիայն հակակշիռ ուժի փաստը կարող է սաստել։

Արցախի խնդիրը աշխարհաքաղաքական հարց է, որտեղ միահյուսված են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, և Արևմուտքի շահերը։ Եվ եթե  աշխարհաքաղա­քական այս հանգույցահյուսակում ՀՀ իշխանությունները չունեն մեր ազգային շահերի հստակ սահմանների ու չափորոշիչների հայեցակարգ և ընդունում են նախկին ռեժիմից ժառանգություն ստացած իրավիճակը “Մադրիդյան Սկզբունքերի” փաթեթով ու շարունակում են ընթանալ նույն ճանապարհով, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ “հեղափոխության” մասին էին նրանք խոսում։

Արթուր Արմին – ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժման հիմնադիր և խորհրդի ներկայացուցիչ։

Կիսվել նյութով