Թրամփի վրա կրակողը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով մանրամասներ
Ապրիլի 26-ին Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մանրամասները բացահայտվել են հարձակում գործած Քոուլ Թոմաշ Ալենի «մանիֆեստի» միջոցով, որը հրապարակվել է «The New York Post»-ի կողմից։
Պարզվում է, որ նա ծրագրել էր թիրախավորել Թրամփի վարչակազմի գրեթե բոլոր անդամներին՝ բացառություն անելով միայն ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելի համար։
Իր 1051 բառից բաղկացած ուղերձում Ալենը հստակեցրել է, որ իր նպատակը քաղաքական պաշտոնյաներն են, մինչդեռ Գաղտնի ծառայության աշխատակիցներին կամ ոստիկաններին նա խորհուրդ էր տվել թիրախավորել միայն ծայրահեղ դեպքերում և հնարավորության դեպքում օգտագործել ոչ մահացու միջոցներ՝ հույս հայտնելով, որ նրանք զրահաբաճկոններ են կրում։
Ալենը ծայրահեղ զարմանք և դժգոհություն է հայտնել նախագահի մասնակցությամբ նման բարձր մակարդակի հանդիպման անվտանգության համակարգի վերաբերյալ։ Նա նշել է, որ ակնկալում էր տեսնել տոտալ վերահսկողություն՝ բազմաթիվ տեսախցիկներ ու զինված գործակալներ ամեն քայլափոխի, սակայն դրա փոխարեն բախվել է «ամբարտավան անփութության»։
Ըստ հարձակվողի՝ անվտանգության աշխատակիցները կենտրոնացած են եղել միայն դրսում գտնվող ցուցարարների վրա և հաշվի չեն առել, որ ինչ-որ մեկը կարող էր զենքով հյուրանոցում տեղավորվել դեռ նախորդ օրը։ Նա պնդում է, որ իրանցի գործակալ լինելու դեպքում կարող էր նույնիսկ ծանր գնդացիր ներս բերել, և ոչ ոք չէր նկատի։
Չնայած Ալենին հաջողվել էր նախապես զենքերով մտնել հյուրանոց, նրա փորձը՝ ճեղքել անվտանգության գոտին և մտնել բուն դահլիճ, ձախողվել է շնորհիվ պահպանության արագ միջամտության։ Իր գրառման վերջում նա անկեղծացել է սեփական հոգեվիճակի մասին՝ նշելով, որ կատարածի համար սարսափ ու սրտխառնոց է զգում և ցավում է մերձավորների վստահությունը դավաճանելու համար, բայց միևնույն ժամանակ իրեն առաջ է մղել զայրույթը վարչակազմի գործունեության նկատմամբ։



