Մամուլ

«Թռչունյան տուն» գիշերօթիկից ընտանիք վերադարձած երեխաներին ցուցաբերվել է բնաիրային ու ֆինանսական աջակցություն

«Թռչունյան տուն» գիշերօթիկից ընտանիք վերադարձած երեխաներին ցուցաբերվել է բնաիրային ու ֆինանսական աջակցություն

Shantnews-ը գրում է․ Հունվարի 11-ից «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը համարվում է լուծարված:

Պատճառը դեռ նախորդ տարվա հունիսից բարերարների ֆինանսավորման դադարեցումն էր, ինչի պատճառով հաստատությունը կուտակել էր շուրջ 20 միլիոն դրամ պարտք ու հայտնվել անելանելի վիճակում:

Ոչ միայն գիշերօթիկի, նաև նույն շենքում գործող Հրանտ Դինքի անվան հանրակրթական դպրոցի հետագա գործունեությունը շարունակելու համար Մայր Աթոռն այդպես էլ նոր բարերարներ չգտավ:

Այս 10 օրվա ընթացքում «Թռչունյան տան» երեխաների մի մասն արդեն վերադարձել է ընտանիք, մյուսները՝ տեղափոխվել այլ հաստատություններ:

«Թռչունյան տունը» խնամքի մյուս կենտրոններից տարբերվում էր ոչ միայն գործառույթով, այլև կարգավիճակով․ այն պետության ենթակայության տակ գտնվող կառույց չէր:

Բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ հայտարարեց, որ իրավիճակից ելնելով՝ պետությունը պատրաստ է ստանձնել երեխաների խնամքը:

Թռչունյան տուն

Հունվարի 10-ին արդեն նախարարության ու Մայր Աթոռի ներկայացուցիչները տեղում հայտարարեցին «Թռչունյան տան» փակման մասին:

Որոշվեց գիշերօթիկի երեխաների մի մասին վերադարձնել ընտանիք, իսկ մյուսներին՝ տեղափոխել այլ հաստատություններ: «Ներկայացվել է 108 երեխայի տվյալ, որոնց մի մասը եղել են ուղղակի դպրոց հաճախող, իսկ մյուս մասը՝ խնամք ստացող:

Հիմա մենք էդ տարանջատումն ենք իրականացնում, որ հստակ իմանանք, թե որ երեխաներն են ուղղակի դպրոց հաճախել և վերադարձել իրենց տներ, իսկ որ երեխաները՝ մնացել, գիշերել այստեղ։

Ինձ թվում է, որ գիշերող երեխաները տեղափոխվել են «Նանսեն»»,- նշում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Թռչունյան տնից» Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատություն են տեղափոխվել ռիսկային խմբի երեխաները, որոնց տուն վերադարձն առայժմ անհնար է:

Այս պահին խնամվող 68 երեխա կա Նանսենի անվան խնամքի կենտրոնում, այստեղ են բերվել ոչ միայն «Թռչունյան տան», այլև լուծարված մյուս՝ թիվ 1 գիշերօթիկի սաները:

Թռչունյան տուն

«Մեզ մոտ տեղափոխվել են «Թռչունյան տան» ռիսկային խմբի երեխաները՝ թվով 21, և մեկ չափահաս աղջիկ:

21 երեխաներ են, բայց ոչ 21 ընտանիք, որովհետև ունենք բազմազավակ ընտանիքներ, ունենք երեխաներ մեկ ընտանիքից՝ երեք երեխա, ևս երեք երեխա, ևս երեք և մեկ ընտանիքից վեց երեխա»,-ասում է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։

Տեղափոխված 21 երեխաներն էլ դպրոցական են, որոնք սովորում էին «Թռչունյան տան» հանրակրթական դպրոցում:

Այժմ հաճախում են թիվ 23 միջնակարգ դպրոց: Երեխաների տեղափոխությամբ խնամքի կենտրոնի ֆինանսավորումը չի փոխվել, բայց փոխվել է աշխատանքային գրաֆիկը: Հաստատությունն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին:

Թռչունյան տուն

Երեխաների տեղափոխությունները կատարվել են ծնողների կամ խնամակալների դիմումների հիման վրա, բայց նրանց թվում կան երեխաներ, որոնց ծնողները դեռևս մարզպետարան չեն ներկայացել:

«Թռչունյան տնից» ընտանիք վերադարձած երեխաներին ցուցաբերվել է բնաիրային ու ֆինանսական աջակցություն, սա սկզբնական փուլի համար, դեռ ընտանիքների կարիքների ուսումնասիրություն չի արվել։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել էջում