Մամուլ

Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատություը փակվեց․ 81 երեխայի ճակատագիր մնում է առկախ

Հայկական ժամանակը գրում է․ Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը դադարեցրեց գործունեությունը: Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանն այսօր «Թռչունյան տան» Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների ծնողներին վերադարձրեց երեխաների անձնական գործերը, որպեսզի նրանք այլ դպրոցներ տեղափոխվեն:

Ծնողները փաթեթները վերցրել, սակայն իրենց անելիքը չէին պատկերացնում: «Գոնե տարին պրծնիր, նոր հանեին երեխեքին, լցնեին փողոց: Էս դպրոցը երեխեքին գրքերը կուտար, տետրեր ու գրիչները կուտար, գրենական ամեն պարագա կուտար, հագուստը, սնունդը կուտար, ապահով կպահեր:

Հմի մեկը ես, էնելիքս չիդե, ես չեմ հասկնա, թե ուր տանիմ, ինչ ենեմ տարվա կեսից: Ես էդ ծախսի տակից դուրս չեմ գա: Ըսիգ երեխեքի համար կրկնակի սթրես է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Օֆելյա Արոսյանը:

Բոլոր ծնողների մտահոգությունը մեկն էր. դպրոցի փակվելը լուրջ հարված է եւ իրենց, եւ երեխաների համար: Այս դպրոցում բացի մանկատանը խնամվող երեխաներից, սովորում էին նաեւ Գյումրու Սեւերսկի թաղամասի եւ թաղամասին մոտ գտնվող գյուղերի, մասնավորապես Առափիի երեխաները:

Օրվա առաջին կեսին հայտնի էր, որ միայն դպրոցն է փակվելու: Սպասում էին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Մայր Աթոռի ներկայացուցիչներին: Նրանց գալով, սակայն, վիճակն առավել բարդացավ: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը բոլորին հայտարարեց, որ իրենց 6-ամսյա բանակացությունները տարբեր դոնորների հետ եղել են անարդյունք: Չեն կարողացել անցնող ամիսներին գտնել հովանավոր կամ բարերար, որը  ցանկանար ֆինանսավորել եւ պահել հաստատությունն ու երեխաներին:

«Այո, Մայր Աթոռն այս ընթացքում փնտրեց ուղիներ հնարավոր դոնոր գտնելու համար, բայց պետական քաղաքականությունն այնպիսին է, որ գնում ենք ապաինստիտուցիոնալացման ուղիով: Դոնորն էլ հասկանում է, որ իզուր է լինելու իր արածը: Պետական քաղաքականություն կա, որով պետք է երեխաները վերադառնան ընտանիքներ: Բայց էստեղ, «Թռչունյան տան» դեպքում ոչ այնքան պետական քաղաքականության հարցն է, որքան ստեղծված իրավիճակը:

Այստեղ ոչ թե պետության, նախարարության կամ Մայր Աթոռի ցանկությունն է, որ վայրկյան առաջ փակվի, որ քաղաքականությանը համահունչ լինենք, ոչ: Այստեղ խնդիրն ուղղակի հետագա աշխատանքի անհնարինությունն  է: Այնպես որ, Դուք երկու ճանապարհ ունեք, տանում եք Ձեր երեխաներին տուն, եւ օգտվում եք առաջարկվող տարբեր սոցիալական եւ զարգացման ծրագրերից, կամ համաձայնում եք, որ ժամանակավորապես ձեր երեխաները տեղափոխվեն Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»,- ծնողներին ասաց  Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ծնողների մեծ մասը դեմ եղան առաջարկվող երկրորդ տարբերակին, ասացին ավելի լավ է սոված-ծարավ իրենց երեխաների հետ մի անկյունում ծվարեն, քան թե երեխաներին վստահեն թիվ 2 գիշերօթիկին: «Իմ երեխուս ստեղ հոր նման, ծնողի նման նայել, պահել են, մոր նման ամեն հարցը կարգավորել են, ոչ բռնություն է եղել, ոչ որեւէ ոտնձգություն, ես ապահով եմ եղել ամեն հարցում: Դուք հմի կմտածե՞ք, որ ես իմ երեխուս կտանիմ «Հո՞ւյս» (նկատի ունի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը)»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը: Նշենք, որ բոլորի կարծիքներն այս հարցում համընկնում էին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Share