Մամուլ

Զենքով և էլեկտրաշոկով դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել հերթական զենքով և էլեկտրաշոկով դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը:

Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում զենքով և էլեկտրաշոկով դիմակավորված 3 անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորվածներն իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Սարդարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Շամշյանի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը: Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով