Մամուլ

Զեյնալյանի համառության պատճառով կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում Սերժ Սարգսյանի եղբորն արդարացնելու համար

Զեյնալյանի համառության պատճառով կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում Սերժ Սարգսյանի եղբորն արդարացնելու համար։ Սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի գործը, ինչպես հայտնի է, գտնվում է միջազգային տնտեսական դատարանում (ICSID), և գործարարի հիմնական սպասելիքը հենց միջազգային դատարանից է։ Հայաստանում գործի քննությունը շարունակվում է ձգձգվել, նիստերը նշանակվում և հետաձգվում են տարբեր պատճառներով։ Միջազգային դատարանից գործի քննության վերջնական ելքն ակնկալվում է 1-2 տարուց։

Խուդյանը այս հայցով ակնկալում է 15 միլիոն դոլար։Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որը ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8,5 մլն դոլարի թալան:

«Առաջին լրատվական»-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է այս գործին։ Մենք գրել էինք, որ համաձայն մեր ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերի՝ Հայաստանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հանցանքների, կատարած հովանավորչության համար ներկայումս ՀՀ պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ է վճարում միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական խմբերին ու փաստաբանական գրասենյակներին։

Մասնավորապես, այդ փաստաթղթից մենք տեղեկացել էինք, որ այս գործով յուրաքանչյուր փաստաբան վճարվում է ժամավճարով, իսկ մեկ ժամը միայն հայաստանյան իրավաբանների համար արժե 250 ԱՄՆ դոլար։ Մենք դեռևս այդ ժամանակ գրել էինք, որ առանց մրցույթի արդարադատության նախարարությունը նախապատվությունը տրվել էր «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությանը։

Սկսած 2017 թվականից՝ Հայաստանի շահերը միջազգային դատարանում ներկայացնում են «Կոնցեռն դիալոգ» ընկերության երեք փաստաբան։ Առաջինը և բյուջեից 1 ժամը 250 դոլար վարձատրվողը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն է, ապա 1 ժամը 200 դոլար վարձատրվող Ռուստամ Բադասյանն ու Լիլիթ Կարապետյանը։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, Էդմոն Խուդյանի և «Արին Կապիտալ» ընկերության կողմից ընդդեմ ՀՀ-ի  հայցը  ICSID  ներկայացնելու համար պայմանագիր է կնքել նաև CMS-ի հետ Գերմանական այս ընկերությունից ներգրավված են 5 հայտնի  իրավաբաններ, որոնք տրամաբանորեն շատ ավելի բարձր են վարձատրվում, քան հայաստանյան փաստաբանները։

Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից պարզ է դառնում, որ տրամադրած իրավական խորհրդատվության համար գերմանացի իրավաբաններից մեկը՝ պրոֆեսոր Կլաուս Ջաքսը, 1 ժամվա համար վճարվում է 520 ԱՄՆ դոլար, մյուսները՝ համապատասխանաբար, 1 ժամի համար, 470, 370 և 340 ԱՄՆ դոլար։ CMS-ի ներգրավումն այս գործով ևս ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով