Շոու-բիզնես

«Երբեք ամուսնությունից չեմ վախեցել». Սիլվի Բարկովան՝ իր հնդկական ընտանիքի և Հնդկաստանին համարվելու մասին

Արդեն մոտ 3 ամիս է՝ հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան լքել է ցանկալի հայ հարսնացուների ցուցակն ու ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն հաստատել Մումբայում:

Օրերս դերասանուհու հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում, արդյոք հարմարվե՞լ է Հնդկաստանին եւ իր հնդկական ընտանիքի ավանդույթներին:

Ինչպես միշտ՝ դերասանուհին դրական տրամադրությամբ պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:

Ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ և նոր առօրյա, Սիլվին երբեք չի վախեցել այդ ամենից: Նույնիսկ, այն փաստը, որ ստիպված էր լքել հայրենիքն ու հարմարվել այլ բարքերին, չի վախեցրել նրան: Ինչպես ինքն է խոստովանել՝ «Սիրելի մարդու հետ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»:

«Երբեք ամուսնությունից չեմ վախեցել: Հակառակը՝ ժամանակավոր ընկերությունից, հանդիպումներից եմ վախեցել եւ խուսափել… Միշտ եմ կողմ եղել եւ ձգտել ընտանիք կազմել: Հիմա հարմարվելու փուլում եմ, որովհետեւ մի բան է՝ որպես տուրիստ այս երկրում լինելը, մեկ այլ բան՝ բնակվելը»,-անկեղծացավ դերասանուհին, որին խնդրեցինք պատմել նաեւ իր հնդկական ընտանիքի բարքերի մասին.

«Ես ընդհանուր կխոսեմ: Այստեղ ամեն ինչ որոշում են ծնողները: Կապ չունի՝ երեխան 13 տարեկան է, թե 43: Այստեղի ընտանեկան մոդելի եւ, առհասարակ, մենթալիտետի մասին կարելի է ժամերով խոսել ու տարիներով զարմանալ (ծիծաղում է)»:

silvi barkova 1

Ինչ վերաբերում է առօրյա ոճին՝ Սիլվին հաճախ համադրում է իր ոճն ու հնդկական հագուտի դետալները՝ հագնում է եւ ազգային սարի, և սովորական առօրյա հագուստ, ընտանիքի անդամների հետ շփումն էլ արդեն ավելի հեշտ է դարձել:

«Հիմնականում անգլերեն եմ խոսում, փորձում եմ նաեւ հնդկերեն շփվել… մի քիչ արդեն խոսում եմ հնդկերեն»,-ուրախությամբ փաստեց նա՝ հավելելով, որ ի տարբերություն ամուսնու՝ ինքն այնքան էլ խանդոտ չէ, թեեւ ինչպես բոլոր զույգերը՝ իրենք էլ փոքրիկ բանավեճեր հաճախ են ունենում: Ինչ վերաբերում է Մումբայում բնակվելու գլխավոր դժվարությանը՝ դա հայրենիքի կարոտն է.

«Հենց Հայաստանն եմ կարոտել, որի մեջ մտնում է իմ տունը: Քույրերիս, ընկերներիս, փողոցները, ջուրը, բամբասող հարեւաններին, մարդկանց տխուր եւ ուրախ դեմքերը, մեր կտրող ցուրտը, արդեն կիսադատարկ փողոցները, քաղաքի լռությունը… Այդ ամենը շատ եմ կարոտել»,-նշեց դերասանուհին՝ հույս հայտնելով, որ մյուս տարվա մեջ անպայման կայցելի Հայաստան:

Ինչ վերաբերում է Բոլիվուդում նկարահանվելուն, ապա քայլեր կձեռնարկվեն այն ժամանակ, երբ Սիլվին վերջնականապես կկատարելագործի հնդկերենը:

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում