Շոու-բիզնես

«Ես և Սոնան անում ենք այն, ինչի մասին երազել ենք»․ Գրիգի և Սոնայի ամանորյա ֆոտոշարքը ու Ամանորն արտերկրում նշելու որոշումը

«Ես և Սոնան անում ենք այն, ինչի մասին երազել ենք»: Այս Ամանորը դերասան Գրիգ Գևորգյանի և պարուհի Սոնա Եսայանի համար յուրահատուկ է, ինչպես Սոնան է բնութագրում, ուրիշ Նոր տարի կլինի. մոտ յոթ տարի ընկերություն անելուց հետո նրանք այս տարի ամուսնացան և Նոր տարին կդիմավորեն որպես ամուսիններ։

Գրիգն ու Սոնան լուսանկարվել են Tert.am Life-ի տոնական ֆոտոշարքում և պատմել Ամանորը դիմավորելու իրենց տարբերակի, իրար համար նվերներ ընտրելու և նպատակների մասին։

սոնա գրիգ

Վերջին տարիներին զույգն Ամանորը նշել է աշխատանքային միջավայրում։ Գրիգի խոսքով՝ հարսանիքից հետո արձակուրդ չեն ունեցել, սա լավագույն ժամանակահատվածն է հանգստի մեկնելու համար։ «Այս Ամանորը, իհարկե, տարբերվելու է։ Նախապես որոշել էինք, որ Նոր տարին կրկին աշխատանքային է լինելու, բայց եկավ մի պահ, երբ երկուսս էլ հասկացանք, որ մեզ հանգիստ է պետք։ Որոշել ենք Նոր տարին դիմավորել Դուբայում»,-ասաց Գրիգը։

Հումորիստը նշեց, որ չեն խուսափում Ամանորը տանը նշելուց, խուսափում են այդ օրը կրկին աշխատելուց․ «Եթե Հայաստանում լինեինք, հաստատ կաշխատեինք: Սա է հիմնական պատճառը, որի համար որոշեցինք մեկ շաբաթով մեկնել»։ Սոնան էլ հավելեց, որ ծանրաբեռնված տարի են ունեցել, հանգիստն ամենամեծ նվերն է տոներին:

սոնա գրիգ

«էմոցիոնալ առումով այս տարի ուրիշ Ամանոր ենք ունենալու: Առաջին անգամ Նոր տարին նշելու եմ ոչ թե մայրիկիս ու հայրիկիս, այլ Գրիգ հետ։ Բացի այդ, թե՛ ես, թե՛ Գրիգն առաջին անգգամ ենք  Ամանորն արտերկրում նշելու։ Սա շատ սպասված Ամանոր է և շատ սպասված հանգիստ։ Վերջին շրջանում անընդհատ գլխապտույտներ էի ունենում, տարբեր բժիշկների դիմեցի, բայց նույն պատասխանն էին տալիս՝  ինձ մոտ գերհոգնածություն է։ Տարվա ընթացքում շատ նախագծերի,  նոր գաղափարների շուրջ ենք աշխատել։  Ինքս ինձ խոստացել եմ հանգստի ընթացքում ոչնչի մասին չմտածել և, գոնե, վեց օր հանգստանալ»,- ասաց պարուհին։

Գրիգն ու Սոնան շարունակում են ծանրաբեռնված աշխատել, սակայն արդեն ունեն նախատոնական տրամադրություն։ Նվերների ընտրության հարցում զույգը պարտաճանաչ է: Ասում են՝ երկար ժամանակ տրամադրում է ոչ թե նվեր ընտրելուն, այլ կողակցին հետևելուն՝ հասկանալու, թե ինչ է նա ամենից շատ հավանում, ինչով է հետաքրքրված և խանութում ո՞ր ապրանքին է ուշադրություն դարձնում տվյալ շրջանում։  

սոնա գրիգ

«Սոնայի համար գնում եմ այն իրերը, որոնք նկատել եմ, որ ցանկանում է ունենալ։ Իրար շատ լավ ենք ճանաչում և գիտենք, թե ով ինչ է ուզում։ Տարիների հետ գործը բարդանում է, օրինակ, այս տարի չեմ պատկերացնում, թե ինչ եմ նվիրելու Սոնային։ Անընդհատ փորձում եմ մտաբերել՝ վերջին շրջանում ի՞նչ է ուզել, բայց դեռ չեմ կարողանում հիշել։ Սոնային նվեր ընտելու շատ լավ տարբերակ կար, քանի դեռ ինքը չէր բացահայտել. իր հետ շրջում էի խանութներով և փորձում էի հասկանալ, թե ինչն է իրեն դուր գալիս։ Նա դա նկատեց, հիմա փորձում եմ այլ կերպ հետևել ու հասկանալ, թե ինչ գնեմ իր համար,-ասաց Գրիգն ու հավելեց, որ, առհասարակ, իր համար բարդ է նվեր ընտրել, խոսքը միայն Սոնայի մասին չէ,- չեմ կարողանում մտածել, թե ինչ կարելի է նվիրել մարդուն։ Ինձ համար իդեալական տարբերակն այն է, երբ գիտեմ, որ մարդը ուզում է տվյալ բանը, արագ, երջանիկ գնում եմ դա»։

Սոնան նույնպես երկար ժամանակ է տրամադրում նվեր ընտրելուն, սակայն, ի տարբերություն ամուսնու, արդեն կողմնորոշվել է, թե ինչ է նվիրելոիւ նրան․ «Գրիգին նվեր ընտրում եմ՝ հաշվի առնելով, թե ինչ չունի, վերջին ժամանակներում ինչ էր ցանկանում գնել։ Նախորդ տարի իր համար  նվեր էի գնել, հետո հիշել, որ ուրիշ բան էր ցանկանում, դա էլ գնեցի։ Չնայած մինչև վերջին վայրկյանը մտածում էի՝ հանկարծ  ինքն էլ գնած չլինի։ Այսօր իմացել եմ, թե Գրիգն ինչ է ցանկանում, հենց դա էլ կնվիրեմ կիրեն»։

սոնա գրիգ

Զույգը Ձմեռ պապիկից նյութական նվերներ չի ակնկալում․ վստահ են՝ իրենք կկարողանան սեփական ուժերով հասնել նպատակներին, կան այլ ցանկություններ, որոնց համար կդիմեն Ձմեռ պապիկի օգնությունը։ «Կարող է պաթետիկ հնչել, բայց եթե Ձմեռ պապիկին նամակ գրեմ, միայն առողջություն կցանկանամ, որովհետև դա ամենակարևորն է»,- ասաց Սոնան։ Գրիգը ևս որոշել է այս տարի Ձմեռ պապիկին չանհանգստացնել նյութական նվերներով․ «Ձմեռ պապիկից դեռ ոչինչ չեմ ուզել, որովհետև այդ մարդը երեխաների համար շատ հարցեր ունի լուծելու։ Եթե լուրջ, ոչ նյութական ցանկությունների դաշտում վաղուց ունեմ այն ամենը, ինչ ցանկացել եմ, լավագույն նվերը կլինի այն, որ ունեցածս պահպանվի։  Երբ խորն ես մտածում, հասկանում ես, որ գուցե ավելին պետք էլ չէ»։  

Խոսելով Ձմեռ պապիկների մասին՝ Գրիգը հիշեց իր մանկությունն ու պատմեց․ «Ձմեռ պապիկի հետ կապված մի հիշողություն ունեմ, որը մեծ հիասթափություն պատճառեց եղբորս։  Հորեղբորս ընտանիքի հետ հարևանությամբ ենք ապրում, մեր տանը որոշել էին ինձ Ձմեռ պապիկի շորեր հագցնել, որպեսզի գնամ, նվեր տամ ու շնորհավորեմ հորեղբորս տղաներին։ Չգիտեմ՝ ինչ երևակայություն էր և ինչու էր պապիկն այդքան փոքր, որովհետև ինքս դեռ երեխա էի։ Շորերը հագա, կերպարանափոխվեցի, բայց մոռացա հողաթափերս փոխել։ Այդ տարիներին բոլորը բոլորի հողաթափերը ճանաչում էին, որովհետև ողջ ձմռան ընթացքում չէր փոխվում։ Ես մտա շնորհավորելու, արդյունքում հորեղբորս տղայի հեքիաթը շատ արագ մահացավ, հողաթափերիցս հասկացավ, որ ես եմ, մորուքիցս քաշեց ու բավականին անհամ երեկո ստացվեց»։ 

Շարունակելով խոսել հիշողությունների մասին՝ Գրիգը մտաբերեց Սոնայի հետ անցկացրած առաջին Ամանորը: «Սոնայի հետ առաջին Ամանորը շատ է տպավորվել։ «Վիտամին» ակումբը դեռ կար, Ամանորի գիշերը ռեստորանային համալիրներից մեկում ելույթի էինք։  Երևի երկու-երեք ամիս էր, ինչ ընկերություն էինք անում Սոնայի հետ, ինձ մոտ մեծ պատասխանատվություն կար, որ ես Նոր տարվա գիշերը գնամ իրենց տուն, շնորհավորեմ  իրենց։ Առանց չափազանցնելու դա ինձ մոտ հիստերիայի էր հասել։ Մեր ելույթը ժամը 22-ից 3-ն էր։ Ամբողջ ելույթը փոփոխեցինք ու այնպես դասավորեցինք, որ առաջին 1 ժամ 45 րոպեում ելույթ ունենամ, կեսգիշերից 15 պակաս դուրս եկա, մի պահ մտա մեր տուն, արդեն 00:15 իրենց տանն էի։ Չգիտեմ՝ ինչու էի այդպես տրամադրվել»,- հիշեց նա։

Ընկերության յոթ տարվա ընթացքում Գրիգն ու Սոնան հասցրել են իրար շատ լավ ճանաչել։ Ըստ նրանց՝ ամուսնությունից հետո համատեղ կենցաղ կիսելը նորություն կամ խնդիր չի առաջացրել։ Ըստ  Գրիգի՝ կենցաղային հումորները, որոնք ինքն անում է, մասամբ իրենց առօրյայից են։

«Այնպես չէ, որ մենք ամուսնանալուց հետո ենք սկսել միասին այդքան շատ ժամանակ անցկացնել, մինչև այդ էլ մեր գրեթե ամբողջ  կենցաղը համատեղ էր։ Հիմա զբաղվածությունն այնքան մեծ է, որ շատ ուշ ենք տուն գալիս, հասցնոմ ենք մի քանի բառ փոխանակել ու վերջ։ Մեր դեպքում կենցաղին շատ քիչ ժամանակ է մնում,-ասաց հումորիստն ու հավելեց,- Սոնան նաև շատ համեղ պատրաստում է, եթե պատրաստում է։) Այստեղ շատ կարևոր մի բառ կա՝ եթե»։

Բացի համատեղ կենցաղը, զույգը հաճախ էկրանին է միասին լինում, համատեղ նախագծեր իրականացնում։ 2020 թվականին համատեղ ավելի մեծ ծրագրեր կան, որոնք, ըստ Գրիգի, երազանք են եղել, իսկ հիմա մոտ են իրականացմանը։

«Անցնող տարին շատ լավ տարի էր, տարվա ավարտը՝ իդեալական։ Այն ամենը, ինչ ծրագրել էի, կարողացա իրականացնել, շատ կուզեմ, որ 2020 թվականն էլ այսպիսին լինի։ Տարեսկզբին իմ թիմի հետ շատ մեծ նախագիծ ենք պատրաստել, այնտեղ ներգրավված է նաև Սոնան։ Ես և Սոնան անում ենք այն, ինչի մասին  երազել ենք։ Այս նախագիծն էլ մեր երազանքներից է և շատ մոտ է իրականություն դառնալուն։ Դեռ չեմ մանրամասնի, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի որևէ մեկի «նավսը», «չոռը» չկպչի,- ծիծաղելով ասաց նա, ապա դեմքի լուրջ արտահայտությամբ հավելեց,- հավատացեք, նրանք շատ են»։

Անդրադառնալով 2020 թվականից  անձնական սպասումներին՝ Գրիգն ասաց․ «Հուսանք՝ 2020 թվականին վերջապես պատրաստ կլինեն մեր հարսանիքի լուսանկարները և հարսանեկան տեսանյութից մի հատված․ մեզանից ոչ ոք ժամանակ չի գտնում գնալ նայել, ընտրել դրանք, դա 2020 թվականի սպասում է դարձել»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով