Մամուլ

«Եթե այսպես շարունակվի, մենք, ցավոք, լսելու ենք շատ ռեստորանների փակման մասին». Ռեստորատոր

«Եթե այսպես շարունակվի, մենք, ցավոք, լսելու ենք շատ ռեստորանների փակման մասին». Ռեստորատոր

168.am-ը գրում է․ «Ռեստորանների աջակցության միություն» հասարակական կազմակերպությունն այսօր հայտարարություն էր տարածել՝ երկրում գործող արտակարգ դրության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչի հետևանքով փակվել են բոլոր ռեստորաններն ու սրճարանները:

Այս կապակցությամբ միությունը նախաձեռնում է հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով իրականացնել մի շարք քայլեր՝ ոլորտը նվազագույն կորուստներով ճգնաժամից դուրս բերելու համար:

Ինչպե՞ս կանդրադառնա այս իրավիճակը ռեստորանային ոլորտի վրա, ի՞նչ քայլեր պետք է իրականացնի պետությունը, և ի՞նչ ճանապարհով պետք է ոլորտը դուրս գա իրավիճակից, այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է հասարակական սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի հետ:

«Ոլորտն ի սկզբանե պատրաստ էր փակմանը, սակայն պարետի որոշմամբ չփակվեց, շատերը փակվել էին, սակայն հետո վերաբացվեցին, եղանակի լավանալուն զուգահեռ՝ մարդիկ դուրս եկան փողոց, և ունեցանք այն, ինչ ունենք:

Ոլորտի փակման հետ կապված՝ ծագում են տնտեսական խնդիրներ, որոնք մինչև այսօր ռացիոնալ լուծում չեն ստացել, ռացիոնալ լուծում ասելով՝ նկատի ունեմ այն, որ այս ստեղծված իրավիճակը շատ անհարմար պահի է՝ ժամանակային առումով, այս ամենը համընկավ եղանակի  տաքացման ու զբոսաշրջային  սեզոնի բացման հետ:

Այս ամենը շատ մեծ խնդիրներ առաջացրեց, քանի որ ձմռան սեզոնից հետո սա այն ժամանակն էր, երբ նոր սկսում էինք գումար վաստակել՝ որպես հյուրընկալության ոլորտ:

Այստեղ միայն մենք չենք, հյուրանոցներն են, զբոսաշրջային ընկերություններն են, որոնց վիճակը շատ ավելի բարդ է, քան ռեստորանային ոլորտինը, որովհետև մեր ոլորտը մեծամասամբ ունի լոկալ տեղական սպառման շուկա, իսկ հյուրընկալության մնացած ոլորտներն ունեն ներգնա տուրիզմից մեծ կախվածություն, որոնց մոտ չեղարկումները տևելու են մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ»,- նշեց Ա. Բարսեղյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝  այսօր ռեստորանային բիզնեսը մեծ մասամբ աշխատում է վարձակալած տարածքներում, և իրավիճակի գնահատումը՝ որպես անհաղթահարելի ուժի հոդվածի կիրառում, թույլ կտար գոնե այդ մասով հասկանալու, որ գոնե կոմունալ վճարները, հարկերը և վարձավճարները չեն վճարի և պետության հետ կփորձեն գտնել աշխատավարձային մասով որևէ լուծում: Այս առումով առաջարկները տարբեր են:

«Ես ունեմ իմ առաջարկը՝ կողմնակից եմ, որ պետությունն ավելի մեծ մասնակցություն ունենա այս գործընթացում, այսինքն՝ ներվեն բոլոր հարկերը, սոցիալական վճարները, տուրքերը, եթե վարձակալություն կա, նաև դրանք:

Մեզ թույլ տան պետական աջակցությամբ բանակցել բանկերի  հետ՝ վարկերի տոկոսների ներման մասով, որովհետև շատ մեծ քանակությամբ բիզնես միավորներ վարկով են աշխատում:

Աջակցի նաև վարձակալած տարածքների տերերի հետ բանակցելու, քանի որ իրավիճակը  խիստ ծանր է գնահատվում, և վարձավճարները մեր ծախսերի շատ մեծ տոկոսն են կազմում: Ինչ մնում է աշխատավարձերին, մենք պետք է պատրաստ լինենք այստեղ մեծ աջակցություն ստանալ պետությունից:

Կարծում եմ՝ պետությունը տնտեսվարողների հետ պարտավոր է մշակել այնպիսի փաթեթներ և օժանդակություն, որը թույլ կտա այսօր մարդկանց ապահովել մինիմալ սպառողական զամբյուղով: Իսկ տվյալ իրավիճակում մեր օրենսդրությունը պահանջում է հատուցել աշխատավարձերի 2/3-ը և սա դիտարկում է՝ որպես պարապուրդ, մինչդեռ իրավիճակը պարապուրդ գնահատելը տրամաբանական չէ, քանի որ ստեղծված իրավիճակում իսկապես գործում է ֆորս-մաժոր, այսինքն՝ մենք գործ ունենք անհաղթահարելի ուժի հետ»,- շեշտեց Աշոտ Բարսեղյանը:

Անդրադառնալով վարկերին՝ Աշոտ Բարսեղյանն ասաց, որ չգիտի, թե ով է խորհուրդ տվել այդ ծրագիրը, հորդորել գործարարներին՝ թեկուզ արտոնյալ պայմաններով վարկ վերցնել, որը վատ միջոց է և ավելի է վատթարացնելու տնտեսվարողի վիճակը:

«Այս արտակարգ վիճակը ուժերի գերլարում է պահանջում, ուստի պետք է մոռանալ ուղիղ եթերում դատական քաշքշուկներից խոսելը, սա լրիվ տնտեսական և առողջապահական խնդիր է, և պետք է կենտրոնանալ այս խնդիրների լուծման վրա: Պետք է գիտակցենք, որ մեր ոլորտը, իմ գնահատմամբ՝ արդեն ունի 30 տոկոս անկում, թե հետո այս անկումն ինչպես կձևակերպվի, չգիտեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում