Մամուլ

Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը

Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը

Sputnik Արմենիան գրում է․ Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ սահմանափակումները չեն ազդել ժամանցի վայրերի հաճախորդների թվի վրա։

QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այս սահմանափակումը կհանի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը։

«Սահմանափակումներին մենք միշտ շատ ճկուն ենք մոտենում և դրանց դիմում ենք խիստ անհրաժեշտության պարագայում։ Երբ սահմանափակման հիմքում եղած իրավիճակը կարգավորվում է, մենք արագ արձագանքում ենք, սահմանափակումը հանում։

qr kod 1

Դա վերաբերում էր նաև լոքդաունների քաղաքականությանը։ Միանշանակ, ժամանցի վայրեր այցերի սահմանափակումը նույնպես ժամանակավոր է»,–ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` այս սահմանափակումն ուղղված է վարակելիության նվազեցմանը և պատվաստումների աճին նպաստելուն։ Նախարարն ասում է` այս ընթացքում այցելել է ինչպես թատրոն, այնպես էլ սրճարան։

«Ես ինքս այցելել եմ թատրոն էլ, սրճարան էլ։ Բարեբախտաբար, բոլոր տեղերում ստուգումներ են եղել։ Որևէ դժգոհություն չեմ լսել»,–ասաց Ավանեսյանը։Ինչ վերաբերում է սահմանափակման պատճառով ժամանցի վայրեր այցելուների թվի նվազմանը` Ավանեսյանը նշեց, որ այս պահին գնահատել, թե սահմանափակումն ազդել է սրճարանների շրջանառության վրա, ճիշտ չէ։

Կիսվել նյութով