Մամուլ

«Դուք ուղղակի նյարդերից ու հոգուց զուրկ մարդ եք». Հովհաննես Ղազարյանի բաց նամակը Գարեգին Բ-ին

Նամակը գրվել է սույն թվականի մայիսի 1-ին՝ Հովհաննես Ղազարյանի կողմից․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ

Ներեցեք, բայց որքան փորձեցի զսպել ինձ, չկարողացա: Մտածում էի, որ վերջին պահին լեթարգիական քնից կարթնանաք և կանցնեք Ձեր բուն առաքելությանը, բայց պարզվում է, որ սխալվեցի, Դուք անդրդվելի եք ամենաաշխարհիկ, ուղղակի նյարդերից ու հոգուց զուրկ մարդու պես:

Սոսկալի է, որ մոռանում եք Ձեր փառահեղ նախորդներին, որոնք հայրենիքի ամենածանրագույն օրերին եղել են հայ ժողովրդի հետ և առաջնորդել, անձնազոհաբար դիմակայել անկարելի աղետներին: Լավ, ազգային զարթոնքի այս մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ չներկայացաք ժողովրդին, բա Դուք ո՞ւմ հոգևոր առաջնորդն եք, ո՞ւմ Հովիվն եք, ո՞ւմ Կաթողիկոսը: Էլ չեմ ասում՝ Վեհափառը, որովհետև ինքներդ եք զրկել Ձեզ այդ սրբազան տիտղոսից:

Ժողովրդի կողքին լինելու փոխարեն, ընդհակառակն, իշխանավորների հետ եք նստում-վեր կենում, այսինքն հլու հնազանդ ծառայում եք թշնամյաց և ուրեմն՝ մասնակցում հակաժողովրդական դավադրությանը: Իմ աստվածավախ լինելն է միայն կաշկանդում ինձ առավել խիստ որակումներ չանելու առումով, թեև Դուք Աստծուն այնքան եք մոտ, որքան ես… Մուհամմեդին (մեղա Աստծո):

Ինչևէ, սթափվեք և հենց այս պահին միջամտեք ԱԺ-ի նիստում ընթացող գործընթացին, Դուք կարող եք դարձի բերել գոնե մի քանի հանրապետականների և համոզել, որ անհապաղ շրջվեն դեպի ժողովուրդը և փոխեն հույժ ճակատագրական իրավիճակը: Դրա համար ունեք ընդամենը մեկ ժամ: Աճապարեք և ժողովրդին սատարելով փրկեք ինքներդ Ձեզ հետագա խայտառակությունից և նզովքից…

Ի սեր Աստծո, գեթ վերջին պահին Մայր Աթոռի տիրակալից փոխվեք իսկական Կաթողիկոսի, իսկական Հոգևոր Առաջնորդի: Խիզախելու համար շատ կարճ ժամանակ ունեք…»

Կիսվել էջում