Մամուլ

Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Կոտայքի մարզում. ոստիկանները հետապնդել են փախուստի դիմած ՍՊԸ-ներից մեկի արտադրամասի պետին

Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Կոտայքի մարզում. ոստիկանները հետապնդել են փախուստի դիմած ՍՊԸ-ներից մեկի արտադրամասի պետին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 25-ին դետեկտիվ ժանրի հետապնդման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի կրտսեր օպերլիազոր Գ. Առաքելյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Կոտայքի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Գեորգի Վ.-ն և 33-ամյա Արման Խ-ն իրենց մոտ թմրամիջոցներ են պահում  և իրացնում։

Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում։

Քրեական հետախույզները Նոր Գյուղի վարչական տարածքում կանգնեցնում են Արման Խ-ի վարած «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ապա մոտենում են նրան՝ ներկայանալով որպես ոստիկանության ծառայողներ, անգամ ցույց տալով ծառայողական վկայականները։

vostikanutyun avtovtar

Ոստիկանները Արման Խ-ին հայտնում են, որ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն պետք է տեղափոխեն ոստիկանություն։

Սակայն վարորդը չի ենթարկվում «կանգ առ» հրամանին, հետընթաց է կատարում «Ուազ»-ով և հարվածում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից շահագործվող ավտոմեքենային՝ վնասելով դիմային հատվածը, որից հետո ավտոմեքենան քշում է մայթով՝ իրական վտանգ ստեղծելով քաղաքացիների կյանքի համար, ապա դիմում փախուստի։

Ոստիկանները հետապնդում են «Ուազ»-ին ու Նոր Գյուղի վարչական տարածքի 4-րդ փողոցում նկատում են, որ վարորդն ու ուղևորը դուրս են գալիս մեքենայից և դիմում փախուստի՝ վազելով դաշտամիջյան հատվածով։

Ոստիկանները հետապնդում են նրանց և գոռալով պահանջում, որ վերջիններս կանգնեն։ Տեսնելով, որ նրանք չեն ենթարկվում իրենց օրինական պահանջին, ոստիկաններից մեկը իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակում օդ, ինչից Գեորգի Վ-ն կանգնում է, ում անմիջապես ոստիկանները բռնում են և տեղափոխում ոստիկանության Կոտայքի բաժին։

Իսկ Արման Խ-ին չեն կարողանում բռնել։ Գեորգի Վ-ի մոտ հայտնաբերվում է 2.63 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և կաթուցիչ։

Որոշ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ փախուստի դիմած Արման Խ-ն գտնվում է Աբովյան-Արամուս ավտոճանապարհի՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ էլ շտապ հասած ոստիկաններին հաջողվում է բռնել նրան։

Որոշ ժամանակ անց հայտնաբերվում է նաև «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Խ-ն աշխատում է Կոտայքի մարզում հայտնի ՍՊԸ-ներից մեկի արտադրամասի պետ, իսկ Գեորգի Վ-ն նույնպես աշխատում է նշված ՍՊԸ-ում։

Կիսվել նյութով