Մամուլ

Դանակ է հանել 60-անց կնոջ վրա․ գերեզմանատան սպանության նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 26-ին, վիճաբանություն, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Bavnews․am-ին Նորաբակի բնակիչները հայտնել են նոր տեղեկություններ դեպքի վերաբերյալ։

Նրանց խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսօրին գերեզմանատան տարածքում՝ դեպի արոտավայրեր տանող հատվածում, որտեղ անասուններ են արածացրել։

Բնակիչների փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ ազգությամբ եզդի են։

Նրանցից մեկը դանակով հարձակվել է 60-ն անց կնոջ վրա, ինչից հետո կնոջ որդին գնացել է տուն, վերցրել զենք և վերադարձել դեպքի վայր՝ կրակելով ու սպանելով դանակահարողին, նրա եղբորը և հորը։

Նրանք նաև նշել են, որ միջադեպը նախապատմություն ունի․ դեռ անցած տարվա աշնանը կողմերի միջև դանակահարություն էր տեղի ունեցել, և դեպքը եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Այժմ գյուղի ողջ տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացվում գյուղի երկու կողմերի տների մոտ՝ վենդետան կանխելու համար։

Կիսվեք ձեր էջում