Դայակը մոռացել է երկու տարեկան աղջկան շոգ մեքենայում․ երեխան մահացել է
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Հալանդեյլ Բիչ քաղաքում երկու տարեկան աղջիկ է մահացել այն բանից հետո, երբ, նախնական տվյալներով, դայակի անուշադրության հետևանքով ավելի քան երեք ժամ մնացել է շոգ մեքենայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ոստիկանության տվյալներով՝ երկու տարեկան Բրիթանի Նիկոլը մոտ երեք ժամ փակված է մնացել միկրոավտոբուսում, մինչ նրա մայրը աշխատանքի էր։ Երեխային հայտնաբերելու պահին դրսի ջերմաստիճանը մոտ 33 աստիճան Ցելսիուս էր։
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Մայրն ասել է, որ նախկինում որևէ խնդիր չի ունեցել դայակի հետ և վստահել է նրան։ Նրա խոսքով՝ աշխատանքի ընթացքում դայակը երեխային թողել է իր հոր խնամքին, իսկ վերջինս, ըստ հաղորդումների, մոռացել է աղջկան մեքենայում։
Ոստիկանությունը նախ հայտնել էր, որ այս փուլում չի նախատեսում մեղադրանք առաջադրել ո՛չ դայակին, ո՛չ երեխայի պապին։
Իրավապահների տվյալներով՝ տղամարդու հոգեկան առողջական վիճակը կարող է հաշվի առնվել իրավական գնահատականի ժամանակ, իսկ դայակի հետ պաշտոնական պայմանագիր չի եղել։
Միևնույն ժամանակ Հալանդեյլ Բիչի ոստիկանությունը նշել է, որ Բրովարդ շրջանի դատախազությունը շարունակում է ուսումնասիրել դեպքի բոլոր հանգամանքները՝ պարզելու համար՝ արդյոք քրեական մեղադրանքներ կառաջադրվեն։
Վերջնական որոշումը կընդունվի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո։



